Հայաստանի ազգայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «մեղուների» կազմում անցկացրած տարվան, Մադրիդի «Ռեալի» դեմ խաղին.
«Ինձ վրա իսկապես մեծ տպավորություն թողեցին թիմակիցներս' այն աշխատանքը, որը կատարվում է այս ակումբում և այն անհավանական և յուրահատուկ երկրպագուները, որոնք ունի «Բորուսիան»: Մինչ այս ես դեռ չէի տեսել նման բան: Դորտմունդը շատ հանգիստ քաղաք է: Սակայն դա չի վերաբերում այն օրերին, երբ երկրպագուները գալիս են մարզադաշտ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Der Welt պարբերականը:
Խոսելով փոփոխությունների մասին' Մխիթարյանը, մասնավորապես, փաստել է. «Հարցն այն է, որ ես եկել էի մի առաջնությունից, որը չես համեմատի Բունդեսլիգայի հետ: Երբ խաղում էի «Շախտյորում», բոլոր հանդիպումները երբեմն նույն ընթացքն էին ունենում: Այստեղ յուրաքանչյուր խաղ տարբեր ընթացք կարող է ունենալ»:
Անդրադառնալով Կլոպին' հայ ֆուտբոլիստը շեշտել է. «Ես շատ եմ խոսում Յուրգեն Կլոպի հետ, հաճախակի զրուցում եմ խաղընկերներիս հետ, և բոլորը միաձայն ասում էին. «Մենք գիտենք քո որակների մասին: Դու պետք է ազատ վերաբերվես այն ամենին, ինչ մարդիկ ասում են քո մասին»»:
Մխիթարյանի համար անհավանական իրավիճակ է եղել «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակում կայացած հանդիպումը: «Մարդիկ, ովքեր նայել են հանդիպումը, կարող էին մտածել, թե ես ցանկություն չունեի գոլ խփել: Փոխարենը ես այն մարդն էի, ով ամենաշատը ցանկություն ուներ գոլի հեղինակ դառնալ: Սակայն սա է կյանքը, և երբեմն պետք նման դժվար պահեր էլ լինեն»,-ասել է Մխիթարյանը:
Կիսապաշտպանի կարծիքով' Գերմանիայի գավաթի եզրափակչում ֆուտբոլասերները մեկ այլ տեսակի ֆուտբոլ կտեսնեն: «Եզրափակիչը մեկ այլ տեսակի հանդիպում է լինելու: Մեր վերջին հաղթանակից մեկ ամիս է անցել, և ամեն բան կարող է փոխված լինել: Սակայն ամեն թիմ չէ, որ կարող է հաղթել բոլոր մրցակիցներին: Ամեն դեպքում, «Բավարիան» մնում է ուժեղագույն թիմերից մեկն աշխարհում»,- եզրափակել է Մխիթարյանը:
Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին Բեռլինի օլիմպիական մարզադաշտում: