Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույցում անդրադարձել է թիմը լքելու հնարավոր տարբերակին, Յուրգեն Կլոպին և Թոմաս Տոխելին, տեղեկացնում է bvb-russia.com:

Խոսելով Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելու լուրերի մասին, Մխիթարյանն ասել է.

«Այդ լուրերի մասին չէի ցանկանա խոսել: Ցանկանում եմ՝ պարզապես առաջ նայել: Մեծ հաճույքով եմ Դորտմունդում և դա է կարևորը:

Երբեք չեմ զգացել, որ այստեղ գալս սխալ քայլ է եղել: Այստեղ ինձ երբեք վատ չեմ զգացել: «Բորուսիան» հիանալի և ներդաշնակ թիմ է: Իհարկե, խաղային առումով դժվար պահեր եղել են: Փորձել եմ ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս շուտ դուրս գամ այդ իրավիճակից:

Երբ երկրպագուները ասում էին, որ «այնպիսին, ինչպիսին Միկին է, երբեք գոլ չի խփի»՝ դա ծանր էր ինձ համար: Անցած մրցաշրջանի առաջին շրջանում ես մեկ գոլ խփեցի՝ Գերմանիայի գավաթում: Ինքս էի ինձ վրա ճնշում գործադրում, որ պետք է գոլ խփել կամ առնվազն գոլային փոխանցում կատարել: Այն բանից հետո, երբ, ի վերջո գոլ խփեցի, ամեն ինչ սկսվեց զրոյից:

Սկսեցի նորից լավ խաղալ, սակայն դա ոչ մի կապ չունի Յուրգեն Կլոպի հեռանալու որոշման հետ: Պարզապես դա տեղի ունեցավ այն պահին, երբ ես՝ թե' ֆիզիկապես, թե' հոգեբանորեն եկա իմ լավագույն մարզավիճակին: Ինձ ուրախացնում է, որ անցած մրցաշրջանի ավարտին կարողացա մի քանի գոլ խփել, գոլային փոխանցում կատարել և դրանով ներդրում ունենալ Յուրգեն Կլոպի հետ գեղեցիկ հրաժեշտին: Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել խաղալ նրա ղեկավարությամբ: Շնորհակալ եմ նրան»:

Անդրադառնալով թիմի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին, Մխիթարյանը նշել է.

«Թոմաս Տոխելը դրական է ազդել թիմում մնալու իմ որոշման վրա, բայց Դորտմունդում մնալն իմ անձնական որոշումն էր: Այստեղ դեռ շատ նպատակներ ունեմ և կանեմ ամեն ինչ, որպեսզի մարդկանց ապացում եմ'լավ ֆուտբոլիստ եմ: Ցանկանում եմ երջանիկ դարձնել «Բորուսիայի» երկրպագուներին, և ինքս ինձ: Ինձ համար կարևոր էր, որ մյուս խաղացողները որոշեցին մնալ թիմում: Ծանր մրցաշրջանից հետո թիմը չկազմալուծվեց: Տուխելը մարզչական մեծ ներուժ ունի: Նա հասկանում և սիրում է ֆուտբոլը: Նա գիտի, թե ինչպես կառուցել խաղը և ինչպես պաշտպանվել: Այդ պատճառով էլ մտածեցի՝ «միգուցե ավելի լավ է մնալ այստեղ և նրանից սովորել»: Նա թիմում առանցքային դեր չի խոստացել: Ոչ ոք նման բան չպետք է անի: Ամեն ինչ ինձանից է կախված: Եթե լավ մարզվեմ, այդ դեպքում՝ նաև կխաղամ: Երբ դա ինձ մոտ ստացվում է, գոհ եմ լինում:

Խոսելով առաջիկա մրցաշրջանի մասին, կիսապաշտպանը հավելել է.

«Շատ հետաքրքիր մրցաշրջան է սպասվում: Վերջին մրցաշրջանում շատ էր խոսվում տիտղոսի մասին, սակայն արդյունքում հայտնվեցինք 17-րդ տեղում: Մեզ համարում եմ լավագույն քառյակի հավակնորդ: Իհարկե, ցանկանում ենք տիտղոսներ նվաճել: Չէ՞ որ դաշտ չես մտնում 10-րդ տեղը գրավելու համար:

Այս պահին չեմ մտածում, թե որքան երկար կմնամ ակումբում: «Բորուսիան» հիանալի ակումբ է, ես ինձ շատ լավ եմ զգում Դորտմունդում: Ես դեռ այն տարիքում չեմ, որ փող աշխատեմ Քաթարի և Դուբայի ակումբներում: Եթե 2016 թ-ին «Բորուսիայի» ղեկավարները ցանկանան, որ մնամ թիմում, ես՝ կմնամ, իսկ եթե ոչ՝ այդ ժամանակ էլ պարզ կլինի: