Հայաստանի կառավարության անդամները փորձելու են մարզերի տարբեր համայնքներ այցելություններով իշխանությունն ավելի մոտեցնել ժողովրդին, ազգաբնակչությանը և համայնքներին: Այդ մասին Արագածոտնի մարզի Կոշ համայնք այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

Վարչապետը հանդիպեց Կոշի բնակչությանը, ծանոթացավ նրանց խնդիրներին: Վերջիններս վարչապետի առջև բարձրացրեցին ոռոգման ջրի, սոցիալական, զինծառայողների բնակարանային խնդիրներին առնչվող հարցեր:

 

«Կոշի բնակչությունը բավականին ակտիվ է և կարծես ըմբռնումով է մոտենում առկա խնդիրներին, որոնք այսօր կան մեր երկրում, ինչը շատ լավ է: Բոլորը պետք է հասկանան, որ դրանց լուծման համար ժամանակ է պետք: Փորձելու ենք ավելի մոտիկից ծանոթանալ առկա խնդիրներին և տալ լուծումներ»,- նշեց վարչապետը:

 

Նրա խոսքով, բոլորը հասկանում են, որ կառավարությունը չունի այն կախարդական փայտիկը, որով միանգամից խնդիրները լուծի, ժողովուրդը պետք է հասկանա, որ ծրագրերն իրականացնելու համար ժամանակ է պետք: