ՀՀ կառավարությունը, քաջ գիտակցելով տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների կարևորությունը մեր երկրի կայացման գործընթացում, տարեցտարի ավելի շատ ֆինանսական միջոցներ է հատկացնելու ՏԻՄ-երին: «Դա է մեր երկրի ապագան, և մենք ունենալու ենք հզոր համայնքներ ու հզոր պետություն», - այդ մասին Ջերմուկում ընթացող Գյուղական համայնքների հինգերորդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վար չապետ Հովիկ Աբրահամյանը:
Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության և արդյունավետ տեղական իշխանություն ձևավորելու տեսանկյունից Հովիկ Աբրահամյանը կարևորեց նաև բնակիչների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացմանը և իրականացմանը և ընդգծել, որ հենց այդ նպատակին են ծառայում Միավորված ազգերի կազմակերպության օժանդակությամբ ժողովրդավարական կառավարման արմատավորմանն ուղղված բազմաբնույթ ծրագրերը: «Մենք նաև հետևողական աշխատանքներ ենք իրականացնում համայնքներում տեղեկատվական համակարգերի ստեղծման և ներդրման ուղղությամբ: Ասվածիս վառ ապացույցն է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում ՀՀ համայնքապետարաններում» ծրագրի իրականացման համար այս տարվա հոկտեմբերին Մեքսիկայի Մեխիկո քաղաքում կայացած «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլոբալ համաժողովում Հայաստանի ստացած մրցանակը: Հավաստիացնում եմ, որ իրականացվող բարեփոխումները լինելու են շարունակական: Վստահ եմ՝ ունենալու ենք կայուն և բարեկեցիկ կենսամիջավայր ապահովող համայնքներ», -ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ միջազգային գործընկերների հետ միասին ՀՀ կառավարությունն աջակցելու է համայնքների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության կյանքի կոչմանը' միայն թե համայնքների ղեկավարությունը պետք է աշխատի ավելի արդյունավետ և հոգա բնակչության խնդիրները: