Ռուսաստանի խոշորագույն նավթարդյունահանող LUKoil ընկերությունը Կասպից ծովի ռուսաստանյան հատվածում արդյունահանվող նավթի մի մասը «Տրանսնեֆտի» մայրուղային խողովակաշարարերի համակարգից ուղղել է դեպի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշար (ԲԹՋ): Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

 

Մինչ այժմ LUKoil ընկերության ամբողջ նավթը բեռնատար նավերով մատակարարվում էր Մախաչկալայի նավահանգիստ, այնտեղից Մախաչկալա-Տիխորեցկ-Նովոռոսիյսկ խողովակաշարով այն մղելու համար:

 

«Մենք բեռնավորել ենք առաջին լցանավը «Յուրի Կորչագին» նավթահանքից: Նավթը կգնա ԲԹՋ խողովակաշարով»,- «Ռոյթերսին» հայտնել է LUKoil-ի ներկայացուցիչը' չհայտնելով երթուղին փոխելու պատճառը:

 

«Երեկ Մախաչկալայից Բաքու է ուղևորվել առաջին լցանավը: Առայժմ ծրագրվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR) վաճառել ամսական 20 հազար տոննա նավթ: Դա «Տրանսնեֆտով» արդյունավետ մատակարարում է, շատ չէ, բայց լավ է», -ասել է «Ռոյթերսի» աղբյուրը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ բանակցություններ են գնում Բաքու-Նովոռոսիյսկ նավթուղով ռուսատանյան նավթը ԲԹՋ-ով Եվրոպա փոխադրելու շուրջ: