Այսօր մեկնարկել է «Թանգարանների գիշեր» 10-րդ հոբելյանական համաեվրոպական միջոցառումը, որն անցկացվում է մայիսի 18-ին նշվող թանգարանների միջազգային օրվան ընդառաջ: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ:
Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից՝ վարչապետը շրջել է պատկերասրահի ցուցասրահներով, ծանոթացել տարբեր արվեստագետների ստեղծագործություններին և անհատական աշխատանքներին:
Մայիսի 18-ը՝ որպես թանգարանների միջազգային օր, նշվում է 1977 թվականից' Թանգարանների միջազգային խորհրդի, իսկ «Թանգարանների գիշերը»՝ 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ:
«Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո անցկացվող միջոցառումների նպատակն է՝ բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում և նպաստել թանգարանային առարկաների հանրահռչակմանը: Այս տարի Հայաստանի և Արցախի շուրջ 100 թանգարանի մուտքը մինչև կեսգիշեր ազատ կլինի հասարակության համար: