Հայաստանի կառավարությունը կշարունակի հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքները, որի կառուցապատման մեկնարկը կլինի 2018 թվականին: Այդ մասին նշված է ՀՀ նոր կառավարության 2014-2017 թվականների ծրագրում, որը հավանության արժանացավ գործադիրի' մայիսի 19-ին հրավիրված արտահերթ նիստում:

 

Էներգետիկայի ոլորտում կառավարության քաղաքականությունը միտված կլինի երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, օրենսդրական խթանների ձևավորմանը՝ նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման համար, վերականգնվող էներգետիկայի նպատակային զարգացմանն ուղղված քաղաքականության վարմանը, այդ թվում' առկա հիդրոներուժի, արևային և հողմային էներգիայի օգտագործման ընդլայնում և արդյունավետության բարձրացմանը:

 

Գործադիրն առաջիկա տարիներին կիրականացնի նաև գեոթերմալ էներգետիկայի ներդրմանն ու զարգացմանն ուղղված միջոցառում­ներ, էներգախնայողության միջոցառումների ներդրմանը նպաստող քաղաքակա­նություն, էներգահամակարգի հետևողականորեն վերազինում' բարձրացնելով էլեկտրաէներգիայի որակական ցուցանիշները և մատակարարման հուսալիությունը:

 

Կառավարությունը կշարունակի նաև Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրա­հաղորդման օդային գծերի կառուցումը, որը Հայաստանից հարևան երկրներով էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման հնարավորություն կստեղծի:

 

Շարունակական աշխատանքներ կիրականացվեն Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի անվտանգության աստիճանի բարձրացման և գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ: