Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների՝ հունիսի կեսին կայանալիք ընտրություններում պայքարելու են 20 կուսակցություն և 4 ընտրական դաշինք: Այդ մասին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները: Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություններ են առաջադրել 14 կուսակցություններ և դաշինքներ:

 

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների, ինքնակառավարվող քաղաքների քաղաքապետերի և տեղական վարչակազմերի ղեկավարների ընտրությունները տեղի կունենան հունիսի 15-ին: Ընտրությունները կանցկացվեն խառը, համամասնական-մեծամասնական համակարգով:

 

Քվեարկության արդյունքներով կընտրվի 71 տեղական խորհուրդ (Սակրեբուլո), որոնցում կընդգրկվի 2088 մարդ: Նաև ուղղակի ընտրությունների ճանապարհով կընտրվեն 12 ինքնակառավարվող քաղաքների քաղաքապետեր և տեղական վարչակազմերի 59 ղեկավարներ:

 

Տեղական ընտրություններին կմասնակցի չորս դաշինք՝ «Վրացական երազանքը» (Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան. Պահպանողական կուսակցություն, Արդյունաբերողներ, Հանրապետական կուսակցություն, Ազատ դեմոկրատներ, Ազգային համաժողով). «Ազգային միասնական շարժումը» (Ազգային շարժում և Վրաստանի Քրիստոնեա-պահպանողական կուսակցություն), «Ոչ խորհրդարանական ընդդիմությունը» («Նոր աջեր» ու «Ազատ Վրաստան») և «Ժողովրդի ինքնակառավարումը» («Հանուն արդար Վրաստանի» և «Եվրոպական դեմոկրատներ»):

 

Ընտրադաշինքներից դուրս ընտրություններին մասնակցող կուսակցությունների և շարժումների թվում են «Կանաչների կուսակցությունը», «Վրացական կուսակցությունը», Վրաստանի լեյբորիստական կուսակցությունը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, Նինո Բուրջանաձե-Միասնական ընդդիմությունը, Ժողովրդական շարժումը, Ազգային-ժողովրդավարական կուսակցությունը, Սալոմե Զուրաբիշվիլի-Վրաստանի ուղին, Ժողովրդական կուսակցությունը և ուրիշներ, հաղորդել է «Նովոստի Գրուզիան»: