Ազգային ժողովում այսօր շարունակվեց կառավարության նոր ծրագրի քննարկումը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցով դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս նշեց, որ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման ընթացքում հայտարարագրել է 5.5 մլն դոլար, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարագրել է 6.5 մլն դոլար, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարագրել է վեց բնակարան:

 

«Հայտնի է, որ կառավարության անդամները իրավունք չունեն բիզնեսով զբաղվելու, եթե բիզնեսով չեք զբաղվել, որտեղի՞ց եք հայտարարագրել այդ գումարը, եթե բիզնեսով զբաղվելու ժամանակ նաև պաշտոնավարել եք' դա օրենքի խախտում է: Դուք բոլորդ այս ողջ ընթացքում եղել եք պետական պաշտոնյաներ, հիմա եթե բիզնեսով չեք զբաղվել' ո՞նց եք աշխատել այդ գումարները: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հարցը»,- հարցրեց Փաշինյանը:

 

Վերջինիս ի պատասխան' Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես կոչ եմ անում բոլոր իմ գործընկերներին, և ընդհանրապես, հանրությանն այդքան նեգատիվ չվերաբերվել գործարարությանը: Գործարարների շնորհիվ է, որ դուք այդտեղ նստած եք, աշխատավարձ եք ստանում, գործարարների և նրանց հարկերի շնորհիվ է, որ մենք թոշակ և աշխատավարձ ենք բարձրացնում: Ընդհանրապես բնավորություն է մարդկանց մոտ ձևավորվել, որ գործարարներին փորձում են դարձնել բոբոներ, գործարարների շնորհիվ եք դուք ապրում: Ուզում եմ բոլորին կոչ անել, որ գործարարներին վերաբերվեն շատ հարգանքով հարգենք իրենց այդ վաստակը, որ իրենք իրականացնում են և փորձում են տնտեսությունը զարգացնել»,- ասաց Աբրահամյանն՝ անդրադառնալով իր ունեցվածքին:

 

«Իսկ ինչ վերաբերում է իմ ունեցվածքին' ես երբեք չեմ թաքցրել, որ ունեցել եմ և հայտարարագրում ես ներկայացրել եմ և դա աշխատել եմ ես այն տարիներին, երբ հողագործությամբ եմ զբաղվել ու պաշտոններ զբաղեցնելու ժամանակ դա չեմ շահագործել և ոչ էլ կոռուպցիայի միջոցով եմ այդ գումարները դիզել, դա աշխատանքի արդյունքում է եղել»,- ասաց Աբրահամյանը:

 

Վերջինիս արձագանքնելով' Նիկոլ Փաշինյանն ասաց, որ զարմացած է այն բանի համար, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը պաշտպանում գործարարներին:

 

«Ես զարմանում եմ, թե ինչու եք դուք ձեզ և գործարարներին պաշտպանում, ես գործարարների անուն չեմ տվել, ես կառավարության երեք անդամների անուն եմ տվել և հենց դա եմ ուզում հասկանալ' Դուք գործարա՞ր եք, թե՞ կառավարության անդամ: Ասում եք' հող եք մշակել, ձևն ասեք, ամբողջ Հայաստանի գյուղացիությունը հող է մշակում, տոկոսի տակ է ընկնում, դուք հող եք մշակում միլիոնավոր դոլարներ եք վաստակում»,- ասաց Փաշինյանը:

 

Հովիկ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի հանդարտության կոչ արեց. «Ես խնդրում եմ Ձեզ հանդարտություն, մի լարվեք, գործարարների մասով Դուք պատկերացում էլ չունեք' ինչ է նշանակում գործարարությունը, չեք էլ կարոք զբաղվել գործարարությամբ»,- ասաց Աբրահամյանը: