Ազգային ժողովում այսօր շարունակվեց կառավարության նոր ծրագրի քննարկումը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցով դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

 

«Դուք ձեր կառավարության ծրագրի մեջ նշել եք հինգ տոկոս աճի թիրախը և Դուք ձեր խոսքում ասացիք, որ դա նվազագույն շեմ եք սահմանում, բայց կներեք, նվազագույն շեմը սահմանել է Սերժ Սարգսյանը' 2013 թվականի մարտի 18-ին ասելով, որ ՀՀ այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով (դա վերաբերում է 2013-2017 թվականներին), չապահովի յոթ տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա: Հիմա սա Ձեր կառավարության ծրագի՞րն է, թե՞ Ձեր հրաժարականի դիմումը, թե՞, ասենք, օրինակ, Նաջարյանի ասածը հիմա ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի»,- հարցրեց Փաշինյանը:

 

Մինչ պատասխանը, Հովիկ Աբրահամայնը Փաշինյանին խորհուրդ տվեց նախագահի ինստիտուտը հարգել: «Սերժ Սարգսյանի հայտարարությունը եղել է քաղաքական գնահատական, քաղաքական ցանկություն: Տնտեսության զարգացումը միայն կապված չէ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հետ, կապված է, ցավոք սրտի, Ռուսաստան, Ուկրաինա, համաշխարհային ճգնաժամ և այլն և այլն, բոլոր խնդիրները միմյանց հետ կապված են: Ես համոզված եմ, որ մեզ հաջողվելու է ապահովել հինգ տոկոս տնտեսական աճը»,- ասաց Աբրահամյանը: