Նախօրեին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել Վրաստանում և Ադրբեջանում: Կվիրիկաշվիլին խորհրդարանում հայտարարել էր, որ այսուհետ հայկական ապրանքները ֆորս-մաժորային իրավիճակներում կարող են փոխադրվել Աբխազիայի և Հարավային Օսիայի տրանսպորտային միջանցքներով: 

Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց վրացագետ Ալիկ Էրոյանցի հետ՝ պարզելու, թե ինչ նշանակություն ունի Հայաստանի համար Կվիրիկաշվիլիի այս հայտարարությունը։

«Վրաստանի վաչապետը նկատի ունի Ռուսաստանի միջև համաձայնագրի ստորագրումը, որով երկու երկրները երրորդ շվեյցարական ընկերության միջոցով կկարողանան Աբխազիայի և Հարավային Օսիայի անցնող բեռների մոնիտորինգ իրականացնել և կատարել բեռնափոխադրումներ, սակայն սրանով նախատեսված չէր տրանզիտային հանգամանքը, որից կարող էր օգտվել Հայաստանը։ Այս առումով շատ կարևոր է նման բարձր մակարդակով արվող հայտարարությունը, որով, փաստորեն, Թբիլիսին իր պաշտոնական համաձայնությունն է հայտնում առ այն, որ հետագայում հնարավոր կլինի մեզ համար այդքան կարևոր Լարսի այլընտրանքնային ճանապարհ ունենալը՝ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղություններով բեռնափոխադրումներ իրականացնելու տեսանկյունից», - ասաց նա՝ ավելացնելով, որ սա մեզ համար շահավետ հանգամանք է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով։

Հարցին՝ հայտարարությունը կարո՞ղ ենք կապել Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանի և հայկական կողմի վարած դիվանագիտական քայլերի հետ, վրացագետը նկատեց, որ այս համատեքստում, անշուշտ, բոլոր հանգամանքներն ու գործոններն իրենց ազդեցությունն ունեն։ 

Անդրադառնալով Ադրբեջանի արձագանքին՝ Էրոյանը նշեց, որ ցանկացած իրադարձություն, որտեղ կարող են ադրբեջանցիները տեսնել հայ-վրացական համագործակցություն, դա անհանգստացնող կլինի նրանց համար․ «Սա ցավալի է Ադրբեջանի համար այն առումով, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան ակտիվ գործողություններ են ծավալում և քայլեր են ձեռնարկում Հայաստանին տնտեսական շրջափակման մեջ առնելու համար։ Սակայն այս հայտարարությունը կյանքի կոչվելու դեպքում բավականին բացասական ազդեցություն կունենա վրաց-ադրբեջանական հարաբերությունների համար»,- ասաց վրացագետը՝ նշելով, որ եթե այս հայտարարությունը իրագործվի, և Հայաստանը Ռոկիի թունելով ու աբխազական երկաթուղով կարողանա կապվել Ռուսաստանի հետ, ապա Ադրբեջանի կողմից 25 տարի նախաձեռնված Հայաստանի տնտեսական շրջափակումը կարելի է վերացված համարել

Վրացագետի կարծիքով՝ դա որոշ առումով կլինի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարած քաղաքականության ձախողում։

Նրա խոսքով՝ «Մաքսային կառավարման մեխանիզմների և ապրանքների մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին» ռուս-վրացական 2011թ-ի համաձայնագիրը թերևս դեռ ուժի մեջ չի մտել, սակայն պետք է նկատել, որ  վարչապետի արած հայտարարությունը հեռանկարային ենթատեքստ ունի և կախված է, թե երբ գործնական փուլ կտեղափոխվեն և կհամագործակցեն երկկողմ ձևաչափով՝ շվեյցարական ընկերության մասնակցությամբ։

Սոնա Հարությունյան