Ի պատասխանան շրջանառվող լուրերի «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտնում է ՝

 

2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին («ԳԾԻԳ» ՊՀ) ամրակցված «ՎԱԶ 21214-126-20» մակնիշի 870 ՕԼ 64 պետհամարանիշով ավտոմեքենային է բախվել քաղ. Վարդան Պետրոսյանի կողմից վարած BMW մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան լիովին շարքից դուրս է եկել և դարձել է հետագա շահագործման համար ոչ պիտանի: Տեղի ունեցած ավտովթարի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

Վթարի արդյունքում պետությանը պատճառված նյութական վնասը կազմում է 2 600 000 ՀՀ դրամ («ԳԾԻԳ» ՊՀ-ին ամրակցված ողջ գույքը հանդիսանում է պետության սեփականությունը): Վնասի չափը հաշվարկվել է տվյալ ժամանակի շուկայական միջին արժեքով (նույն մակնիշի, տեխնիկական նույն չափանիշներն ունեցող և նույն (2006թ.) թվականին արտադրված նույնատիպ ավտոմեքենաների շուկայական միջին արժեքն ըստ շուկայի ուսումնասիրության արդյունքների (մասնավորապես' http://www.auto.am/ տվյալներ) կազմում է 2 600 000 ՀՀ դրամ):

 

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի' քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաեւ իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

 

«ԳԾԻԳ» ՊՀ-ի աշխատակից, վթարի ենթարկված ավտոմեքենայի վարորդ Արթուր Հակոբյանի և «ԳԾԻԳ» ՊՀ-ի միջև ավտոմեքենայի համար 2007 թվականից կնքված է լիակատար նյութական պատասխանատվության մասին պայմանագիր, ավտոմեքենան ապահովագրված է: Սակայն հարուցված քրեական գործի պարագայում պատճառված վնասի վերականգնումը այլ եղանակով, քան ըստ օրենքի' քրեական դատավարության շրջանակներում վնասների հատուցման պահանջով հայց ներկայացնելը, անհնարին է այն պատճառով, որ քրեական գործի հարուցման պարագայում միայն դատարանն է իրավազոր անձին ճանաչել մեղավոր, ումից և կարող է բռնագանձվել պատճառված վնասի արժեքը: Ընդ որում, քրեական դատավարության ընթացքում քրեական գործի քննության հետ միասին կարող է հարուցվել և լուծվել միայն հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնասի հատուցման հետ կապված քաղաքացիական հայցը, որը կարող է հարուցվել միայն կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի դեմ ( հիմք՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մաս) «ԳԾԻԳ» ՊՀ-ը գործելով օրենսդրության պահանջներին համապատասխան, պարտավոր էր հարուցված քրեական գործի շրջանակներում ներկայացնել քաղաքացիական հայց իր կրած նյութական վնասի լրիվ ծավալով փոխհատուցում ստանալու համար, ինչը և «ԳԾԻԳ» ՊՀ-ը արել է: «ԳԾԻԳ» ՊՀ-ը քաղաքացիական հայցվոր է ճանաչվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա, համաձայն որի քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով արգելված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնաս: Իսկ քաղաքացիական հայցը ներկայացվել է Վարդան Պետրոսյանի դեմ, քանի որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվել է քաղ. Վարդան Պետրոսյանին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մաս):

 

Միաժամանակ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի «դատավճիռ կայացնելիս դատարանը, ելնելով քաղաքացիական հայցի հիմքերի ու չափի ապացուցված լինելու հանգամանքից, հարուցված հայցը բավարարում է լրիվ կամ մասնակիորեն, կամ մերժում է դրա բավարարումը, կամ այն թողնում է առանց քննության»:

 

Հայտնում ենք նաև, որ եթե «ԳԾԻԳ» ՊՀ-ը համապատասխան քայլեր չկատարեր, ապա վերջինիս պաշտոնատար անձիք համապատասխան պատասխանատվություն կկրեին (անգործություն, պաշտոնական դիրքի չարաշահում անփութություն և այլն):