Itar-tass-ի փոխանցմամբ` Ուկրաինայում հեղափոխությունը և քաղաքացիական պատերազմը սկսվեցին Յանուկովիչի` Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելուց հետո: Տեսակետը Վլադիմիր Պուտինինն է:

 

Ուկրաինայում և Ղրիմում ներկայումս առկա խնդիրներն առաջացել են աշխարհում վստահության պակասից: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական ֆորումում:

 

«Վստահության վերականգնման հարցը շատ կարևոր հարց է` տնտեսական ֆորումի կարևորագույնը: Մնացած խնդիրները, որոնք դուք նշեցիք` կապված Ուկրաինայի և Ղրիմի հետ, դրանք կապված են հենց վստահության բացակայության հետ»,- ասել է ՌԴ նախագահը:

 

«Որտեղի՞ց սկսվեց Ուկրաինայի ճգնաժամը,- հարց է տվել պետության նախագահը:- Այն ծագեց, որովհետև նախագահ Յանուկովիչը չստորագրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Ի՞նչ հետևեց դրան: Պետական հեղափոխություն, որին աջակցություն ցույց տվեցին մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերները»:

 

«Ի՞նչ եղավ հետո: Քաոս, և հիմա մենք ականատես ենք մասշտաբային քաղաքացիական պատերազմի»,- ընդգծել է Պուտինը:

 

Խոսելով Ղրիմի` Ռուսաստանի կազմ մտնելու մասին` Պուտինը տեսակետ է հայտնել, որ Ռուսատանը քաղաքացիներն ազատ կամարտահայտման հնարավորություն է տվել, այլապես Ղրիմի հանրապետությունում ավելի մեծ ողբերգություն կարող էր տեղի ունենալ, քան Օդեսայում:

 

«Եթե մենք դա չանեինք, ապա ավելի մեծ ողբերգություն կունենայինք, քան այն, ինչը մենք տեսանք Ուկրաինայի մի քանի քաղաքում, օրինակ` Օդեսայում, որտեղ մարդկանց ողջ-ողջ այրում էին»,- ասել է ՌԴ նախագահը: 50 մարդ այրվեց, ևս 50-ն անհետ կորեց: Ո՞ւր են նրանք: Իրականում, փաստորեն, նրանք նույնպես սպանված են»,- նշել է Պուտինը: