Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն է տարածել Ժիրայր Սեֆիլյանին Հայաստանիցա արտաքսելու սպառնալիքի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

 

Օրերս ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մի բարձրաստիճան սպա Նախախորհրդարանի ներկայացուցչի միջոցով պաշտոնապես Ժիրայր Սէֆիլյանին ուղղված սպառնալիք է փոխանցել:

 

Նրա խոսքով՝ Ժիրայր Սէֆիլյանը Քեսաբի ազատագրման նպատակով այնտեղ ազատամարտիկներ է ուղարկում և, եթե մեկ անգամ էլ փորձի նման քայլ կատարել, նրան կարտաքսեն Հայաստանից:

 

Ընդ որում՝ բարձրաստիճան սպան բաց տեքստով նշել է, որ Ժիրայր Սէֆիլյանին արտաքսելու վերաբերյալ այս սպառնալիքի հրապարակայնացումը որևէ կերպ չի կասեցնի դրա իրագործումը:

 

Այս երևույթը շատ խորը արմատներ ու պատճառներ ունի, սակայն Նախախորհրդարանը դրանց կանդրադառնա հետագայում՝ ըստ անհրաժեշտության:

 

Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Ժիրայր Սէֆիլյանին Հայաստանից արտաքսելու մտադրության պատճառը ոչ թե Քեսաբի ազատագրման հարցում նրա ենթադրյալ կազմակերպական միջամտությունն է, այլ ռեժիմին հեռացնելուն ուղղված նրա գործողությունները:

 

Նախախորհրդարանի քարտուղարությունը պաշտոնապես հայտարարում է, որ անկախ ամեն ինչից՝ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը մեր ժողովուրդը դիմավորելու է առանց ռեժիմի՝ ազգային պետության տանիքի ներքո:

 

Ժամանակի հետհաշվարկն սկսված է: Ռեժիմին մնացել է ոչ ավել, քան 48 շաբաթ: