Արաբկիր Բ/Կ դեկտեմբերի 31-ին բարձր ջերմությամբ տեղափոխված 2-ամյա Լիա Միսակյանն օրեր անց մահանում է: Հոր՝ Գեորգի Միսակյանի պնդմամբ իր երեխայի մահվան պատճառը բժիշկներն են: Վերջինս պատրաստվում է դիմել բոլոր հնարավոր ատյաններին՝ իր ճշմարտացիությունն ապացուցելու և երեխայի մահվան իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Լուրեր.com-ը փորձեց պարզաբանումներ ստանալ նաև Արաբկիր բժշկական կենտրոնից: Բազմաթիվ հեռախոսազանգերից հետո մեզ հաջողվեց զրուցել բուժգծով տեղակալի հետ:
«Թողե՛ք, որ մեր բոլոր տեսակի քննությունները լինեն մինչև վերջ, որ զրույցներն էլ լինեն հիմնավորված, ոչ թե էմոցիոնալ»,-ասացին հիվանդանոցից:
Լրագրողի այն դիտարկմանը, թե հնարավոր է, բոլոր ուսումնասիրություններից հետո հիվանդանոցը հանդես գա համապատասխան պարզաբանմամբ, բուժգծով տեղակալն ասաց. «Պետք է լինեն եզրակացություններ, որոնք ավելի լուրջ կլինեն, քան թե չպետքական էմոցիաները, որ լրագրողները հիմնավոր և անհիմն տարածում են: Հոր էմոցիոնալ դրդումները բոլորովին հասկանալի են, բայց չէ՞ որ ամեն բան ունի իր հիմքերն ու ճիշտ գնահատականներ, և բժշկությունը դա միայն փառահեղ բուժված հիվանդներ չեն: Իսկ ինչո՞ւ լրագրողները չեն հայտնվում այն ժամանակ, երբ հազարավոր հիվանդներ նույն հիվանդանոցներից բուժված դուրս են գրվում»: