Երկու տարեկան Լիա Միսակյանի մահվան հետ կապված, Հայաստանի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես NEWS.am-ին հայտնում են, ոստիկանության մամուլի ծառայությունից, նյութերը նախապատրաստվում են ոստիկանության Արաբկիրի բաժնում: Համապատասխան որոշումն ընդունվել է հունվարի 3-ին, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փոքրիկ Լիան «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել դեկտեմբերի 31-ին: Սկզբում, դեղամիջոցներ ընդունելուց հետո, փոքրիկն իրեն ավելի լավ է զգացել, բայց մեկ օր անց նրա վիճակը վատացել է եւ աղջնակը մահացել է: Երեխայի հայր Գեորգի Միսակյանը կարծում է, որ դստեր մահվան պատճառը բժիշկների անփութությունն է եղել: Հոր պնդմամբ՝ բավարար ուշադրություն չեն դարձրել երեխայի վրա, ժամանակին ճիշտ ախտորոշում չի տրվել: Եթե երեխան հենց առաջին օրվանից լիներ բժիշկների հսկողության ներքո, ժամանակին քայլեր ձեռնարկվեին, ոչ թե ամեն թողնվեր ինքնահոսի, ողբերգությունը տեղի չէր ունենա, վստահ է Գեորգի Միսակյանը: