Նախագահական ընտրություններից հետո Ուկրաինան հաստատեց իր ուղղվածությունը դեպի Եվրոպա' միաժամանակ փաստեց, որ երկիրը ներքին ճեղքվածք է տվել: Ըստ քաղաքագետ Լեւոն Շիրինյանի, երկրի ռուսամետ շրջանների չմասնակցությունն էլ ընտրություններին փաստեց, որ վերադարձ նախկին կարգավիճակին չի լինի: «Կամ արեւելյան շրջանները կստանան անկախություն, կամ էլ Ուկրաինան պետք է դառնա ֆեդերատիվ հանրապետություն: Ի դեպ, վերջինը Ուկրաինայի համար լավագույն տարբերակն է, քանի որ այն կկանխի հետագա արյունահեղությունները»,- մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեւոն Շիրինյանը:

 

Քաղաքագետը լուրջ հույսեր չի կապում նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: «Օլիգարխիայի դեմ պայքարող ուկրաինական հասարակությունն օլիգարխին օլիգարխով փոխարինեց»,- ասաց Շիրինյանը' հավելելով, որ ուկրաինական ճգնաժամն անձերով չի կարգավորվի, քանի որ այն արդեն դուրս է եկել երկրի սահմաններից եւ դարձել Եվրամիության, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի օրակարգային հարցը:

 

Մայիսի 25-ին Ուկրաինայում կայացած արտահերթ ընտրություններից հետո երկրի ամենահարուստ գործարարներից մեկը, «Ռոշեն» շոկոլադի գործարանի սեփականատեր Պյոտր Պորոշենկոն ստացել է ընտրողների ձայների 54 տոկոսը: Ուկրաինայի նախագահական ընտրությունները ճանաչել են միջազգային բոլոր կազմակերպությունները, իսկ Պորոշենկոն ստացել է շնորհավորական ուղերձներ աշխարհի հզորագույն երկրների ղեկավարներից: Միաժամանակ, Մոսկվան հայտարարել է, որ պատրաստ է երկխոսել Պորոշենկոյի հետ, սակայն այդ հարցում միջնորդների կարիք չի զգում: Նախագահական ընտրություններից հետո էլ երկրում լարվածությունը չի թուլանում: Դոնեցկում ընդմիջումներում շարունակվում են բախումները, որոնք ուղեկցվում են բռնություններով: