Քաղաքացիություն ստանալու համար ՀՀ նախագահին դիմել են 21 հազար անձ: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Այնուհետև' պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հարցին, թե արդյոք կա՞ վիճակագրություն՝ ՀՀ քաղաքացիություն ստացած 21 հազար մարդու բնակության աշխարհագրության հետ կապված, Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ աշխարհագրություն կա և շատ մանրամասն, որովհետև այդ 21 հազարից յուրաքանչյուրի անձնական գործը մանրամասն ուսումնասիրվում է:

 

«Ընդամենն ուզում եմ, օգտվելով առիթից, ասել, որ նախորդ տարվանից շատ կատարելագործվել է նաև դիմումատուի կողմից դիմումին հետևելու ընթացակարգը: Անցյալ տարվանից քաղաքացիության կամ հատուկ կացության համար դիմած անձն անմիջապես ստանում է համար, որով կարողանում է ինտերներով հետևել իր դիմումի շարժին, պարբերաբար ստանում է sms կամ էլետրոնային փոստով հաղորդագրություններ դիմումի՝ հերթական փուլ տեղափոխվելու մասին»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք կրկնակի կրճատել են դիմումների ուսումնասիրության ժամկետը նաև նախագահի աշխատակազմում. թեև գործող օրենսդրությամբ նախատեսված էր մինչև մեկ տարի ժամանակ, սակայն այժմ դիմումը մեկ ամսից ավելի չի մնում ուսումնասիրության փուլում:

 

Սարգսյանը նշեց, որ իրենք շարունակելու են այդ աշխատանքի կատարելագործումը, նաև հեռախոսով հարցումների ավտոմատացված համակարգ են ներդնելու ընթացիկ տարվա ընթացքում: «Ես ձեզ չեմ կարող շատ ավելին ասել հարցումների աշխարհագրության մասին այն պարզ պատճառով, որ ըստ մեր Սահմանադրության և օրենսդրության՝ ցանկացած անձ, ով դիմում է ու ստանում ՀՀ քաղաքացիություն, Հայաստանի համար ՀՀ քաղաքացի է, և մենք երկքաղաքացիության ինստիտուտը չենք դիտում այն կտրվածքով, թե նա որևէ այլ երկրի քաղաքացի հանդիսանու՞մ է, թե ոչ: Եթե նա դիմել է ու ստացել քաղաքացիություն, մեր ընկալման մեջ նա միմիայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է»,- ասաց նա: