Նիգերիայի զինված ուժերին հայտնի է դարձել առևանգված դպրոցական աղջիկների գտնվելու վայրը: Այդ մասին հաղորդել է BBC News-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության շտաբի պետ Ալեքս Բադեհին: Նա դա համարել է «լավ նորություն ծնողների համար», բայց հրաժարվել է ճշտել առևանգված աղջիկների գտնվելու վայրը:

 

Այդուամենայնիվ, իշխանություններն առայժմ չեն պատրաստվում ազատել դպրոցականներին, քանի որ զգուշանում են, որ հատուկ գործողություն անցկացնելու դեպքում զինյալները կարող են սպանել պատանդներին:

 

«Բոկո հարամ» ահաբեկչական կազմակերպությունը աշակերտուհիների վրա հարձակում է կատարել ապրիլի 14-ին Շիբոկ քաղաքում: Այդ ժամանակ զինյալներն առևանգել են 276 աղջիկների: Ահաբեկիչներն սպառնում էին նրանց ստրկության վաճառել: Խմբավորման պարագլուխը հայտարարել է, որ աղջիկները ոչ թե պետք է սովորեն այլ պետք է մարդու գնան:

 

Մայիսի 26-ին հայտնի է դարձել, որ գործարք է պատրաստվում «Բոկո հարամի» կալանավորված 100 զինյալների դիմաց առևանգված 50 դպրոցականների ազատման շուրջ: Սակայն Նիգերիայի կառավարությունը հրաժարվել է այդ գործարքից: Պատճառները չեն նշվում:

 

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը վերադարձել է Փարիզի խորհրդաժողովից, որը նվիրված էր տարածաշրջանի ճգնաժամին: