Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին հարող շրջաններում լայնածավալ զինավարժանքներ է սկսել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը' նշելով, որ զինավարժանքներն իրագործվում են ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի 2014 թ. մարտական պատրաստվածության պլանի համաձայն:

 

Նշվում է, որ զինավարժանքներում օգտագործվում են մարտական զրահապատ տեխնիկա, հրթիռային հրետանի, նռնականետներ և այլ ժամանակակից զենքեր, ինչպես նաև ռազմական ավիացիա և օդային պաշտպանության համակարգեր:

 

Ուշագրավ է, որ «պլանային» կոչված զինավարժանքներն Ադրբեջանը սկսել է ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ անցած գիշեր ժամը 02:55-ի սահմաններում ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման անհաջող փորձից անմիջապես հետո: ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը հայտնել է, որ ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, ղարաբաղցի դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների և, պատճառելով զգալի կորուստներ, նրանց հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական կողմն' ի դեմ ՊՆ մամուլի ծառայության, խոստովանել է, որ սպանվել են ադրբեջանական բանակի երկու սպաներ, մեկ զինվոր էլ ծանր վիրավորվել է: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ԼՂՀ պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ. զոհվել է 19-ամյա եֆրեյտոր Էրիկ Վիլենի Գասպարյանը: ԼՂՀ պաշտպանության ուժերի ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը: