Ռուսական կողմի հետ հանդիպումների ժամանակ քննարկվում է Ռուսաստանի' Ադրբեջանին զենք վաճառելու հարցն ու ներկայացվում են հայկական կողմի մտահոգությունները: Սակայն մտահոգություններին զուգահեռ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացնում է, որ իրավիճակը վերահսկողության ներքո է եւ հայկական ուժերը հետ չեն մնում հակառակորդից:

 

«Յուրաքանչյուր պետություն իր հնարավորության, քաղաքականության եւ գործունեության շնորհիվ իրավունք ունի համապատասխան գործարք կնքել: Ես դրանում մեծ քաղաքականություն չեմ տեսնում: Ռազմատեխնիկական համագործակցությունը ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ շատ ավելի բարձ մակարդակի վրա է, փոխադարձ աջակցությունն ավելի լայն է, քանի որ Ռուսաստանի հետ Հայաստանը ռազմավարական դաշնակից է, եւ դա ավելի սերտ համագործակցություն է, քան այն բիզնես-գործարքները, որ իրակացնում են այլ պետությունների հետ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Օհա նյանը' շեշտելով, որ Ադրբեջանի սպառազինությունը համապատասխան վերահսկողության ներքո է, եւ հայկական զինված ուժերն այնքան էլ հետ չեն մնում:

 

«Եթե հրադադարից հետո, այս տարիների ընթացքում առանց երրորդ ուժի, ուժերի հավասարակշռությամբ, որակական եւ մարտական ոգու բարձր լինելով ապահովել ենք «ոչ խաղաղություն ոչ պատերազմ» իրավիճակ, դա նշանակում է, որ հայկական զինված ուժերը մրցունակ են եւ նրա հետ տարածաշրջանում հաշվի են նստում»,- ասաց Սեյրան Օհանյանը:

 

Օրեր առաջ հրապարակվեց, որ մոտ ժամանակներս Ռուսաստանը Ադրբեջան կմատակարարի վերջինիս կողմից պատվիրված TOS-1A հրանետների հերթական խմբաքանակը: Հրանետների հերթական խմբաքանակը կազմված կլինի 6 մեքենայից: