Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում մայիսի 28-ին' ժամը 22-30-ի սահմաններում, արձանագրվել է մայրական մահվան դեպք: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ անմիջապես Գյումրի է մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը մասնագետների խմբի' անեսթեզիոլոգի, ռեանիմատոլոգի և մանկաբարձ-գինեկոլոգի հետ։

 

Խումբը մշտական հեռախոսակապի մեջ է եղել ՀՀ ԱՆ գլխավոր ռեանիմատոլոգ Անատոլի Գնունու հետ։ Տեղում ծանոթացել են բժշկական փաստաթղթերին, այդ թվում' ծննդաբերության պատմությանը, ինչպես նաև ձեռնարկվածբժշկական միջոցառումներին։

 

Կինը եղել է ծննդաբերության առաջին շրջանում, առողջական ցուցանիշները' զարկերակային ճնշումը, անոթազարկը,շնչառությունը, եղել են նորմալ։ Հանկարծակի վիճակը կտրուկ վատացել է, արձանագրվել է գիտակցության կորուստ, շնչառության կանգ, անոթազարկի բացակայություն։ Ռեանիմատոլոգի կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումները, ցավոք, արդյունք չեն տվել և արձանագրվել է կենսաբանական մահ։

 

Ենթադրյալ ախտորուշումն է' 41-42 շաբաթական հղիություն, երրորդ աստիճանի ճարպակալում, ծննդաբերության առաջին շրջան, պտղաջրերի վաղ արտահոսք։ Մահվան հավանական պատճառն է հարպտղաջրային էմբոլիան։

 

Ուսումնասիրության արդյունքները կքննարկվեն ՀՀ ԱՆ ծննդօգնության խորհրդում։ Նախարարի կողմից ղեկավարվող խորհուրդն այսուհետև կքննարկի նաև բոլոր այն բարդությունները, որոնք կարող են հանգեցնել նման ելքի։

 

Արմեն Մուրադյանը միաժամանակ հանձնարարել է ուժեղացնել առողջապահական տեսչական հսկողությունը հանրապետության բոլոր ծննդատների նկատմամբ, հատյնաբերված բացթողումներն ու թերացումները դարձնել լուրջ քննարկման առարկա'անհապաղ ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ։

 

Նախարարը գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգին հանձնարել է հանրապետության կանանց կոնսուլտացիաներում հավանական բոլորբարդությունների կանխարգելման համարմիջոցառումներ ձեռնարկել։

 

Այցի ընթացքում մայրաքաղաքից գործուղված մասնագետները բժշկական անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել նաև Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնում կեսարյան հատումից հետո ներքին արյունահոսությամբ ծննդկանին։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կնոջ վիճակը կայունացել է, նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։