Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մանուկ հասակում տեսել է Անաստաս Միկոյանին: «Դպրոցական տարիքում մեզ տարան, ինքը օդանավով պիտի գար, ու նա եկավ ու չմոտեցավ մեզ' անվտանգությունից ելնելով, ու մանկական վիրավորվածության զգացում ունեմ վեցերորդ դասարանից մինչև հիմա»,- այսօր Ազգային ժողովում' լրագրողների հետ զրույցում, ասաց նախարարը՝ զերծ մնալով պատմական Միկոյանի կերպարին գնահատական տալուց:
Քաղաքաշինության նախարարը չի կարծում, որ Երևանում այսօր թիվ մեկ խնդիրը Միկոյանի արձանը դնելն է: «Օրինակ' հիմա Քոչարյանի կիսանդրին դրվեց ու ես ակտիվորեն մասնակցել եմ, քանի որ նա Հայաստանի խորհրդային շրջանի պետական գործիչներից մեկն էր, իսկ դա էլ է մեր պատմությունը»,- նկատեց նա:
Սարգսյանի խոսքով' ամեն դեպքում, Միկոյանին միայն բացասական երանգով չի կարելի ընկալել: «Մարդը մենակ նեգատիվ չէր, մարդ, ով իր կենսագրության մեջ ունեցել է երկու կողմերը' և′ նա, և′ նա, հիմա ով կտա դրա գնահատականը` դժվարանում եմ ասել»:
Հարցին, թե հաշվի առնելով հանրության բացասական վերաբերմունքը' չի կարծում, որ չարժե արձանը տեղադրել, նա պատասխանեց.
«Ես ծանոթ եմ մամուլին ու տեսել եմ, որ բազմաթիվ լուրջ, կենսափորձ ունեցող մարդիկ պաշտպանել են այս նախաձեռնությունը, այստեղ սերունդների խնդիր կա, բայց իմ անձնական կարծիքն ասեմ՝ ես լինեի' մի քիչ կսպասեի: Այսօր մենք այնքան խնդիրներ ունենք մեր երկրում՝ վստահության, մարդկանց հետ հարաբերվելու, դրական մեսիջներ տալու, և այս տեսակ խնդիրները, որ շատ կարևոր հարց չեն լուծում»,- ասաց նախարարը: