Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն առաջարկում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահի ելույթը դիտարկել ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ ռուս-ղազախական հարաբերությունների համատեքստում: «Այն, ինչ երկու օր քննարկվում է հայկական ԶԼՄ-ներում և ինչ տեղի է ունեցել Աստանայում, իրականում տարբեր բաներ են: Նազարբաևի խոսքը պետք է ընկալել ոչ թե Ղարաբաղի համատեքստում, այլ Ղազախստանի և Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների համատեքստում: Ոչ մեկն ուշադրություն չդարձրեց այն հանգամանքին, որ Նազարբաևը բլորովին վերջերս շնորհավորեց Պորոշենկոյին (Ուկրաինայի նախագահ ընտրվելու կապակցությամբ)»,- մեկնաբանեց քաղաքագետը' ընդգծելով, որ ներկա փուլում Մաքսային միությանը բնորոշ են մշտական տարաձայնություններն անդամ երկրների միջև: Հակասություններ կան Ղրղզստանի, Հայաստանի մասով, ինչպես նաև երեք անդամ պետությունների ներսում:

 

Ըստ նրա' Ադրբեջանի նախագահ Ալիևի նամակի ընթերցումն Աստանայում' մի կողմից նշանակում էր, որ Ադրբեջանը բոլոր հնարավոր հարթակներն օգտագործելու է Հայաստանի դեմ դուրս գալու համար, մյուս կողմից' այն կապվում է առաջին հերթին Ղազախստանի' Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների հետ: Քաղաքագետը չի կարծում նաև, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կարող է որևէ կերպ ազդել ԼՂ հակամարտության կարգավորման վրա, սակայն գտնում է' այն կնպաստի ԼՂ ստատուս-քվոյի պահպանմանը:

 

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու ժամկետներին' Իսկանդարյանը դժվարացավ պատասխանել, թե որքան ժամանակ կտևի գործընթացը: «Սեպտեմբերի 3-ին ընդունվել է քաղաքական որոշում, սակայն խնդիրը տնտեսական է: Մի քանի ամսում անել այն, ինչ մյուս պետություններն արել են տարիներով, բավականին բարդ է»,- ասաց Կովկասի ինստիտուտի տնօրենը: