Ուկրաինայում աշխարհազորի մարտիկները հունիսի լույս 4-ի գիշերը գրավել են ներքին զորքերի՝ Լուգանսկում տեղաբաշխված զորամասը: Այդ մասին հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դիմադրության ներկայացուցիչների: Զինծառայողներն անձնատուր են եղել:
Ուժայինների եւ ապստամբների միջեւ փոխհրաձգությունն սկսվել Էր հունիսի 3-ի երեկոյան: Ընդհարման ժամանակ տեղի Է ունեցել հուժկու պայթյուն, որին հետեւել Է հրդեհ: Հաղորդվել Է, որ զորամասի գնդակոծման ընթացքում կիրառվել Է ծանր զենք՝ ինքնաձիգներ, ականանետներ եւ գնդացիրներ, գրոհին մասնակցել Է շուրջ 300 աշխարհազորային:
Լուգանսկում իրադրությունը սրվել Էր հունիսի 2-ի գիշերը, երբ մի քանի հարյուր աշխարհազորայիններ՝ զինված ավտոմատ զենքով եւ նռնականետներով, գրոհել Էին քաղաքում գտնվող սահմանապահ զորամասի վրա: Սկսված մարտում, ըստ զանգվածային լրատվամիջոցների տվյալների՝ երկուստեք զոհվել Էր ավելի քան տասը մարդ:
Նույն օրն օդից գնդակոծվել Էր մարզային վարչակազմի շենքը: Դրա հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել Է ութ մարդ, այդ թվում՝ առողջապահության նախարար Նատալյա Արխիպովան: Եվս 28 մարդ հիվանդանոց Է տեղափոխվել՝ տարբեր աստիճանի ծանրության վերքերով: