Երկու տասնյակ երկրների, պետությունների ու կառավարությունների ղեկավարներ հունիսի 5-ին կհավաքվեն Ֆրանսիայում՝ մասնակցելու «երկրորդ ճակատի» բացման՝ Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին, որն սկսվել է 1944 թվականի հունիսի 6-ին եւ դարձել պատմության մեջ խոշորագույն դեսանտային գործողությունը:

 

Պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Ֆրանսիա կժամանեն արդեն հունիսի 5-ին՝ Նորմանդիայում «ափհանման» նախօրյակին: Նրանցից շատերը մտադիր են հանդիպումներ անցկացնել իրենց արտասահմանյան գործընկերների հետ, որպեսզի քննարկեն աշխարհի իրադրությունը եւ երկկողմ հարաբերությունների հարցերը:

 

Այսօր նաեւ սկսվում է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պաշտոնական այցը Ֆրանսիա: Ֆրանսուա Օլանդը եւ թագուհին ծաղիկներ կդնեն Փարիզի Հաղթական կամարի տակ Անհայտ զինվորի շիրիմին, իսկ այնուհետեւ հանդիպում կանցկացնեն Ելիսեյան պալատում:

 

Հունիսի 5-ի երեկոյան Ֆրանսիայի նախագահը հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի իր պաշտոնակից Բարաք Օբամայի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

Հունիսի 6-ին պլանավորված են ռուսական պետության ղեկավարի հանդիպումները Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի եւ Գերմանիայի ֆեդերալ կանցլեր Անգելա Մերկելի հետ:

 

Հանդիպումներ են ծրագրված նաեւ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Այսպես, ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 5-ին Փարիզում քննարկում կանցկացնեն Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրության շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: