Թուրքիայի տարածքում մնացած պատմական Հայաստանի շատ հուշարձաններ շարունակում են պղծվել արկածախնդիր գանձ որոնողների կողմից, ովքեր ցանկացած հայկական կոթողի տարածքում փնտրում են հայերից մնացած հարստություն ու ոսկիներ: Ինչպես հաղորդում է թուրքական bestanuce1.com-ը, Վանի Էդրեմիթ շրջանի Չայըրբաշը թաղամասում գտնվող հին հայկական եկեղեցին և գերեզմանատունը դարձել են գանձ որոնողների հերթական թիրախները:
Արկածախնդիրների կողմից իրականացված փորման աշխատանքների հետևանքով գերեզմանատանը թաղված հայերի ոսկորները տարածվել են շրջակայքում: Տարածքում թափառող շները ոսկորները տանում են մինչև թաղամասի բնակելի շրջաններ: Թաղամասի բնակիչ Յուսուֆ Չիչեքը նշել է, թե քանի որ հայկական եկեղեցին ու գերեզմանատունը որևէ կառույցի կողմից պաշտպանության տակ չեն առնվել, դրանք օրեցօր կագնում են վերջնական ոչնչացման սպառնալիքի տակ:
Վանի մշակութային արժեքների պահպանության տարածաշրջանային խորհրդի տնօրինության ներկայացուցիչներն այս հարցով հրաժարվել են որևէ մեկնաբանություն անել: