Թուրքիայի արկածախնդիր գանձ որոնողները շարունակում են իրենց ճանապարհին ոչնչացնել հայկական եկեղեցիներն ու պատմական մշակութային արժեք ներկայացնող այլ շինությունները: Էրզրումի Օլթու գավառում գտնվող հայկական Հոշնավազ եկեղեցին գտնվում է լքյալ ու ավերված վիճակում:
Արկածախնդիր գանձ որոնողների փորման աշխատանքների արդյունքում կանգուն են մնացել եկեղեցու միայն երկու պատը: Եկեղեցու' հայկական լինելու մասին պատմել է այդ վայրերում հովվություն անող Ջեմիլ Յըլդըրըմը: «Եկեղեցու գտնվելու վայրում մի հայ էր ապրում: Նազըր Քարադենիզ անունով մեկն էլ այդ հային էր ծառայում: Ես այս տեղեկությունները հավաքել եմ Նազլը Քարադենիզի որդուց»,- պատմել է Յըլդըրըմը: Նա նշել է, որ նախկինում եկեղեցին ունեցել է գմբեթ և երեք պատուհան, սակայն հետագայում գմբեթը փլուզվել է: Կատարվածը եղել է գանձ որոնողների կատարած որոնողական աշխատանքների հետևանքը: Յըլդըրըմը նշել է, որ մինչև հիմա ոչ ոք Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից չի եկել եկեղեցին տեսնելու: «Դուք' լրագրողներդ, առաջին այստեղ եկողներն եք: Քանի որ հովվություն եմ անում, այս տարածքները շատ լավ գիտեմ: Գանձ որոնողները հաճախակի են այցելում այս եկեղեցին: Ամեն օր մի տեղ փորելու հետևանքով այս վիճակին են հասցրել: Սա յուրահատուկ հայկական վայր է եղել: Հայերից մնացած ընկույզի ծառեր կային: Մենք այդ ծառերը տեսել ենք»,- պատմել է Յըլդըրըմը:
Մեկ անգամ ևս ընդգծելով, որ ոչ ոք չի գալիս' հետաքրքրվելու եկեղեցու վիճակով, նա ցավով արձանագրել է, որ դեպքերի նման զարգացման պարագայում առաջիկայում եկեղեցին կգնա պատմության գիրկը: