Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն առաջկայում խորհրդարանական լսումներ կամ աշխատանքային քննարկում կկազմակերպի՝ քննարկելու համար Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը, ինչպես նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին նկատվող լարվածությունը: Այս մասին Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին նկատվող լարվածությունը մտահոգիչ է, իսկ Աստանայում Ղազախստանի նախագահի հայտարարությունը կարծես նպաստում է այդ լարվածությանը:

 

«Մենք Ղազախստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում միմյանց անվտանգությունն ապահովելու խնդիր ունենք, սակայն այդ հայտարարությունը վտանգի տակ է դնում մեր զինվորի կյանքը: Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր հարց է և առաջարկում եմ այս հարցը մտցնել հունիսի 9-12-ի նիստերի օրակարգ և քննարկել՝ հրավիրելով արտաքին գործերի նախարարին և բոլոր շահագրգիռ կողմերին: Այս քառօրյայի օրակարգում հարց կա ՀԱՊԿ-ի հետ կապված, և ես առաջարկում եմ դրա հետ մեկտեղ քննարկել նաև այս հարցը»,- ասաց Փաշինյանը:

 

Ի պատասխան' Գալուստ Սահակյանը նշեց, որ հարցն իսկապես վերլուծման կարիք ունի և առաջիկայում ինքը քայլեր կձեռնարկի, որպեսզի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներ կամ աշխատանքային քննարկումներ կազմակերպվեն թեմայի վերաբերյալ: Նա նշեց, որ ինքը կառաջարկի հանձնաժողովին հունիսի 16-17-ին կազմակերպել քննարկումները:

 

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 29-ին Եվրասիական միասնական տնտեսական տարածքի ձևավորման մասին պայմանագրի ստորագրման օրը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հիշատակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից ստացած նամակի մասին, որում ասվում է, իբր Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է միանալ միայն այն սահմաններով, որոնցով մտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն: