Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետի հետ կքննարկի Վերին Լարսում ստեղծված իրավիճակը: ՀՀ կառավարության նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցեց առկա վիճակը և նշեց, որ այս պահին Հայաստան եկող գազի խողովակների հետ կապված խնդիր գոյություն ունի: «Խոսել եմ իմ գործընկերոջ հետ, համապատասխան աշխատանքներ ենք տանում, որ հնարավորինս արագ խնդիրը կարգավորենք»,-ասաց նախարարը:

 

ՀՀ վարչապետը նշեց, որ հայկական կողմի համար շատ կարևոր է ճշտել ճանապարհի բացման ժամկետը՝ գործարարներին հայտնելու համար: «Այսօր Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը լինելու է Հայաստանում և եթե մինչ հանդիպումը տեղեկատվություն ունենանք, իրեն կխնդրենք, որպեսզի համապատասխան ուժեր ավելացվեն և հնարավորինս արագ ճանապարհը բացվի: Նախորդ ամիս ճանապարհի փակ լինելը տնտեսապես բացասական ազդեցություն ունեցավ բեռների փոխադրման առումով»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:

 

Արմեն Երիցյանը խոստացավ ծանոթանալ վերջին ժամերի աշխատանքներին և զեկուցել վարչապետին: Միաժամանակ, ՀՀ ԱԻ նախարարը նշեց, որ վրացական կողմին առաջարկվել է նաև հայ մասնագետների օգնությունը, սակայն նշվել է, որ դրա կարիքը չկա:

 

Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին սողանք է տեղի ունեցել: Նախնական տվյալներով սողանքից տուժողներ չեն եղել: Կազբեկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիվի Կիրիկաշվիլին հայտնել է, որ սողանքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ եղել էր 2014 թվականի մայիսին: Դեպքի վայրում արդեն աշխատում են մասնագետները:

 

Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Յուլիա Ստարչենկոն տեղեկացրել է, որ հաշվի առնելով սողանքից բխող վտանգները, Ռազմավիրական ճանապարհը ժամը 22:45-ից Վրաստանի հատվածում ավտոմեքենաների երթևեկության համար փակվել է: Ստարչենկոն նշել է, որ Ռուսաստան-Վրաստան սահմանային շրջանում գտնվող Վերին Լարսի անցակետը փակ է:

 

Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ին' ժամը 23:45-ից, ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների: