Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածում արտահայտած մտքերն անընդունելի են իշխանությունների համար: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Մեզ համար անընդնունելի են նրա տեսակետները, սակայն չենք ցանկանում նրան պատասխանել այնքան կոպիտ, որքան որ ինքն է արտահայտվել իր հոդվածում»,-ասաց ԱԺ նախագահը:
Նա նշեց, որ իշխանությունների հասցեին առաջին նախագահի քննադատությունը տեղին չի համարում: «Պարզապես ժամանակներն անցնում են, և մարդիկ մտածում են, որ ամեն ինչ մոռացվել է, որևէ տեղ արձանագրված չէ, և նաև մտածում են, որ չկան մարդիկ, ովքեր կարող են այդ տեսակետներին հակադարձել հենց այն լեզվով, որ լեզվով գրում է մեր առաջին նախագահը»,- ասաց Սահակյանը:
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունիսի 5-ին հոդված է հրապարակել, որում առանձին ենթավերնագրերով անդրադարձ է կատարել նորանշանակ կառավարության առջեւ դրված խնդիրներին, Մաքսային (Եվրասիական) միությանն անդամակցության գործընթացին, Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին եւ Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորմանը։