Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահ է, որ կընտրվի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում: Ազգային ժողովի նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանը նշեց, որ ինքնավստահություն չունի, սակայն այն քննարկումները, որոնք տեղի են ունեցել կուսակցությունում վստահություն են հաղորդում իրեն: «Իմ գործընկերների, կուսակցության քաղաքական խորհրդի մոտեցումները ինձ վստահություն են հաղորդում, որ ես կընտրվեմ: Սակայն պետք է ասեմ, որ ինձ համար կարևոր կլինի ողջ խորհրդարանի աջակցությունը»,- ասաց Սահակյանը:

 

Նա նշեց, որ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը ստացել է ապրիլի 26-ին՝ կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերի օրը: «Ես ստացել եմ առաջարկ, իմ առջև դրվել են խնդիրներ, որոնք ինձ համար լուծելի են, և ես տվել եմ իմ համաձայնությունը»,- ասաց Սահակյանը:

 

Գալուստ Սահակյանը, ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում, կշարունակի ակտիվ համագործակցել լրագրողների հետ կարևոր խնդիրների շուրջ: Նա ընդգծեց, որ ԱԺ նախագահի օրակարգը բավականին հագեցած է լինելու, սակայն կարևոր օրակարգային հարցերում կարևորում է լրատվամիջոցների դերը, ուստի ինքը պատրաստ կլինի նման դեպքերում համագործակցել լրագրողների հետ:

 

Նա դժվարացավ նշել, թե ով կղեկավարի ԱԺ ՀՀԿ խմբակցությունը, քանի որ այդ հարցը դեռևս չի քննարկվել: «Ես՝ որպես ՀՀԿ փոխնախագահ, կշարունակեմ ակտիվորեն մասնակցել խմբակցության աշխատանքներին, սակայն չի կարելի ասել, թե ես կկրեմ խմբակցության ղեկավարի կոչումը»,- ասաց Սահակյանը: