Շփման գծում վերջին իրադարձությունները և հակառակորդի դիվերսիոն գործողությունների կանխումը ցույց են տալիս, որ ադրբեջանական բանակն այնքան էլ ուժեղ և մարտունակ չէ, ինչպես իրենք հայտարարում են: «Ադրբեջանի նախագահը պարբերաբար հայտարարում է, որ Ադրբեջանի բանակը տարածաշրջանի ամենահզոր բանակն է՝ զինված ժամանակակից սպառազինությամբ, սակայն վերջին դեպքերը ցույց են տալիս, որ այնքան էլ այդպես չէ, քանի որ նրանց բանակը փաստորեն չի կարողանում կատարել իր առջև դրված խնդիրները, իսկ ուժեղ բանակը պարտավոր է դրանք կատարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, օդոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Ադրբեջանագետի խոսքով, շփման գծում վերջին առճակատումները ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերը զգոն են և հիանալի են կատարում իրենց պարտականությունները: «Մեր զինվորները արժանի հակահարված են տվել հակառակորդին և հետ շպրտել նրան: Սա իսկապես ուրախալի է, քանի որ խոսում է մեր բանակի մարտունակության և զգոնության մասին: Մենք ունենք բանակ, որը ցանկացած պահի կարող է հետ մղել հակառակորդի հարձակումները»,- նշեց նա:
Սարգիս Ասատրյանը անդրադարձավ նաև շփման գծում լարված օրերին ծավալված տեղեկատվական պատերազմին Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ընդգծելով, որ հայկական լրատվամիջոցները, որոշ բացառություններով, կարողացան պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից և որոշակի հակահարված տալ ադրբեջանական սուտ քարոզչությանը: «Նույնիսկ եղավ մի պահ, որ ադրբեջանցիները սկսեցին արդեն խոսել այն մասին, թե հայերը 75 զոհ ունեն, հետո այդ 75-ը դարձավ 105, սակայն այս ստերին չէր հավատում նույնիսկ Ադրբեջանի հասարակությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները նաև տեղեկություններ էին տարածել, թե Հայաստանում արդեն խուճապ է, և մարդիկ երկրից փախչում են, քանի որ վախենում են պատերազմից, սակայն ադրբեջանցի օգտատերերը մեկնաբանություններում գրել էին, որ արդեն չեն վստահում նման լուրերին և հորդորել էին չխաբել բնակչությանը: Այս ամենը մեր լրատվամիջոցների լավ աշխատանքի արդյունքն էր»,- ընդգծեց Ասատրյանը: