Նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիայի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո իշխանությունները և նրանց մոտ կանգնած շրջանակները պարտության պատճառի մի թեզ են առաջ քաշում, որով գլխավոր մեղավորներ են հռչակվում հայրենիքի համար ծառայելու «բավարար մոտիվացիա չդրսևորած կամավորները», ռազմի դաշտից «փախչող հրամանատարները», մատակարարման հետ առկա խնդիրները և այլն: Այսինքն, փորձ է արվում պարտության մեջ մեղավորության սլաքներից մեկը ուղղել դեպի ԶՈՒ, ԶՈՒ Գլխավոր շտաբ, քանի որ վերոնշյալ հարցերի կարգավորմամբ պետք է զբաղվեր հենց ԳՇ-ն։

Իսկ ի՞նչ պատկեր ունենք իրականում: Այն, որ թե՛ բանակը, թե՛ աշխարհազորը ամուր կանգնած էր դիրքում և առավելագույնս կատարել է իր առաջ դրված խնդիրները, որևէ կասկած չի հարուցում: Փաստենք, որ պատերազմի ընթացքում որոշակի հակասություններ են ի հայտ եկել ԶՈՒ ԳՇ-ի և ՊՆ-ի միջև՝ կապված պատերազմի շարունակության, հայկական կողմի հաջողության գրանցման հավանականության գնահատականի հետ: Այսպես, ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը պատերազմի 25-րդ օրը Հանրային Հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում նշում էր, որ հայկական կողմը հաջողությամբ դիմակայում է թշնամուն և որ Ադրբեջանին սարսափելի հետևանքներ են սպասվում: Մինչև վերջ գնալու և պատերազմը հաղթական ավարտին հասցնելու մասին ռազմական գործողությունների ողջ ընթացքում՝ ընդհուպ մինչև նոյեմբերի 9-ը, խոսում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր բազմաթիվ հարցազրույցներում վստահեցնում էր, որ «միակ ելքը պատերազմից լինելու է հայկական կողմի հաղթանակը»:

Մինչդեռ երեկ բավական ուշագրավ ուղերձով հանդես եկավ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը: Նա, մասնավորապես, հայտնեց, որ պատերազմի չորրորդ օրն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ռազմաքաղաքական ղեկավարությանն է ներկայացրել մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը՝ նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում՝ այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն։

Ավելին՝ ԱԽ՝ դեռևս հունիսին կայացած նիստի ժամանակ, Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր, որ ստեղծված պայմաններում պետք է անել հնարավորը, որպեսզի, եթե նույնիսկ պատերազմը չկանխվի, ապա հնարավորություն ստեղծվի պատերազմն արագ կանգնեցնել՝ «հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը»։ Փաստորեն, ստեղծված բարդ իրավիճակն էր պատճառը, որ դեռևս հուլիս-օգոստոս ամիսներին զինված ուժերի ԳՇ-ի կողմից շրջանառության մեջ դրվեց աշխարհազորայինի ստեղծման հարցը, ինչը, չնայած սկզբնական շրջանում ակտիվ քննարկվեց, սակայն այնուհետև իշխանությունների կողմից մղվեց երրորդական պլան և մինչև պատերազմ այդպես էլ չընդունվեց։

Այսինքն, ԳՇ պետը ռազմաքաղաքական ղեկավարության սեղանին է դրել իրավիճակի սթափ գնահատական, սակայն վարչապետը հրաժարվել է կարգավորման այն փաթեթից, որն էականորեն տարբերվում էր պատերազմի 44-րդ օրը ստորագրածից, ինչն առաջին հերթին հնարավորություն կտար, կանգնեցնելով պատերազմը, խուսափել մի քանի հազար զոհերից և տարածքային մեծածավալ կորուստներից։

Եվ չնայած այս ամենին՝ զինված ուժերը, սկսած ժամկետային զինծառայողներից, մեր հերոս երիտասարդներից, մինչև գեներալներ, կամավորներ, մոբիլիզացիոն ռեսուրսը կատարել են առավելագույն հնարավորը: Բազմաթիվ են վկայությունները, թե ինչպես են բարձրաստիճան զինվորականները անձնուրաց կերպով կռվել շարքային զինվորների կողքին: ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը ծանր վիրավորում է ստացել ծառայողական պարտականությունները կատարելիս: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հենց մարտական դաշտում իրականացված իրենց գործողություններով են արժանացել Ազգային Հերոսի կոչմանը: Արցախի հերոսի կոչմանն է արժանացել հրամանատար Կարեն Ջալավյանը, ում գործողությունների արդյունքում ապահովվել է հյուսիսային ուղղության կայուն պաշտպանությունը, ռազմավարական նշանակության խնդիրների կատարումը: ՊՆ կողմից այս ընթացքում հրամանատարների հերոսական գործողությունների բազմաթիվ դրվագներ են ներկայացվել՝ խոցված տեխնիկայից մինչև իրենց ենթակայության տակ գտնվող շարքային զինվորների կյանքի փրկություն:

Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել: Մի բան ակնհայտ է՝ զինված ուժերի, ԳՇ-ի վրա չէ, որ պետք է բարդել այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը, ավելին, եղած բոլոր կառույցներից զինված ուժերն ամենամեծ ծանրությունն է կրել եւ մեր զինված ուժերը, որոնք համալրվել են պահեստազորայիններով, աշխարհազորայիններով, արել են հնարավոր առավելագույնը իրենց մարտական խնդիրը լուծելու համար: Պատերազմում հայկական կողմի ռազմական և դիվանագիտական ձախողման պատճառները վերհանելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով՝ բաղկացած անկուսակցական և պրոֆեսիոնալ մասնագետներից, որոնք էլ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացված քննության արդյունքում կտան հանրությանը հուզող կարևորագույն հարցերի պատասխանները: