ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե կան ուժեր, որոնք փորձում են հակասություններ սերմանել Հայաստանի և Արցախի միջև՝ նշելով, որ, եթե լինեն անձինք, ովքեր այս համատեքստում ենթական կլինեն քրեական պատասխանատվության ենթարկելու, ապա, անկախ զբաղեցրած պաշտոնից, կենթարկվեն պատասխանատվության:
«ԱԱԾ-ն անընդհատ, առանց մեկ րոպե դադարի իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Այսինքն՝ մենք աշխատում ենք 24 ժամ ռեժիմով և մշտապես իրականացնում ենք մեզ օրենքով տրված լիազորությունների շրջանակում բոլոր գործողությունները, որպեսզի ապահովենք ՀՀ, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգությունը: Եթե կլինեն քրեական պատասխանատվության ենթարկելու անձինք, անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից, դիրքից, նրանք բոլորը անխտիր կենթարկվեն պատասխանատվության»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի ժողովրդին կոչ արեց միանշանակ և աներկբա ոչ ասել, մերժել բոլոր այն ուժերին, որոնց գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն:
«Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, որոնք հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի եւ նրա լեգիտիմ ներկայացուցիչ կառավարությանն աներկբա աջակցության դիրքերից: Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, որոնք փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձեւը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջեւ՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով: Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար»,- նշել է վարչապետը: