Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական գրով հաստատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի ընտրությունը Կանադայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, մայիսի 30-31-ին Կանադայի Միսիսոգայի Սուրբ Վարդան եկեղեցում, նախագահությամբ թեմի առաջնորդակ ան տեղապահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և ատենապետությամբ տիար Ժաք Ստեփանյանի, թեմի 31-րդ Պատգամավորական ժողովը Կանադայի հայոց թեմի առաջնորդ է ընտրել Մայր Աթոռի միաբան Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանին:

 

Կանադայի հայոց թեմը հաստատվել է 1984 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի Սրբատառ կոնդակով: Թեմում այսօր գործում են տասնյոթ եկեղեցական համայնքներ:

 

Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը (ավազանի անունը' Սամվել) ծնվել է 1972թ. հուլիսի 23-ին, Վրաստանում' քաղաք Բաթումիում: 1979-1989թթ. սովորել և ավարտել է Բաթումիի հայկական Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը: 1989-1995թթ. ուսանել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: Ավարտաճառը պաշտպանել է «Հայ դավանաբանական մտքի արձագանքները Սուրբ Ներսես Շնորհալու «Մատթէի մեկնության մեջ» թեմայով: 1995թ. հոկտեմբերին ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի' ձեռնադրվել է սարկավագ և ծառայության կոչվել Մայր Աթոռում: 1996թ. հունիսի 2-ին ձեռամբ Տ. Շահե արքեպիսկոպոս Ա ճեմյանի' ձեռնադրվել է կուսակրոն քահանա' համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը: 1996-2001թթ. ծառայել է որպես Աջարիայի (Վրաստան) հոգևոր հովիվ: 2001-2004թթ. ուսանել է Զալցբուրգի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում: 2004թ. պաշտպանել է «Հայ-լատին եկեղեցական հարաբերությունները 11-12-րդ դարերում» թեմայով ավարտաճառը և վերոնշյալ համալսարանում ստացել աստվածաբանության Մագիստրոսի կոչում:

 

2004թ. մայիսից 2005թ. հոկտեմբերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ծառայել է Վիրահայոց թեմում' իբրև փոխառաջնորդ: 2005թ. հոկտեմբերի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Սյունյաց թեմի փոխառաջնորդ: 2006թ. ապրիլին պաշտպանել է վարդապետական թեզ «Ս. Դիոնիսիոս Արիսպագացին հայ մատենագրության մեջ» թեմայով և 2006թ. մայիսին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի' ստացել մասնավոր վարդապետության աստիճան: 2010թ. մեկամյա ուսման է եկել Կանադա: 2011թ. Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ:

 

Հոգեշնորհ Հայր Սուրբը տիրապետում է հայերենի, ռուսերենի, վրացերենի և գերմաներենի: