ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հավաստում է, որ ԱԺ ղեկավարությունը միշտ պատրաստ է մանրամասն քննարկման համար հարթակ տրամադրել ցանկացած հարցի, որը ոչ միայն ընդդիմադիր հատվածի, նաև հանրության մոտ հետաքրքրության է արժանանում: Լրագրողների հետ զրույցում Շարմ ազանովը նշեց, որ Աստանայում տեղի ունեցածի վերաբերյալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ասածին ավելացնելու ոչինչ չունի: «ԱԺ նախագահն իր ելույթում շատ սպառիչ պատասխան տվեց, նրա ասածները համալրելու կարիք չունեմ, ամեն ինչ շատ հստակ էր և ամբողջական»,-ասաց Շարմազանովը:

 

Պատասխանելով հարցին, թե մեծամասնությունն ինքը տվյալ խնդրի վերաբերյալ ինչ-որ հարցեր ունի' Շարմազանովը նշեց. «Մեծամասնությունը հարցեր ունի ու այդ հարցերը քննարկում է ոչ թե տեսախցիկների ու լրատվամիջոցների առջև, այլ ավելի արդյունավետ ֆորմատով: Մինչև Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, հարցը եղել է մեր օրակարգում: Կան հարցեր, որոնք բաց ֆորմատով արդյունավետ չեն քննարկման համար. շատ դեպքերում տեսախցիկների մոտ քննարկումը կարող է վնասել այս կամ այն գործընթացին: Ինչ վերաբերում է Աստանայում տեղի ունեցածին, ես ընդամենը մեկ բան կարող եմ ասել, որ մենք պետք է տարբերենք բուն բանակցային գործընթացը հրապարակային հայտարարություններ անելուց: Հանրապետության նախագահն էլ է այդ մասին նշել, բայց եթե մեր գործընկերներն ունեն պարզաբանման կարիք, իրենց իրավունքն է, մենք էլ որպես ԱԺ ղեկավարություն, պետք է ամեն ինչ անենք, որ մեր գործընկերների մոտ հարցեր չմնան»,-եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:

 

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն առաջկայում խորհրդարանական լսումներ կամ աշխատանքային քննարկում կկազմակերպի՝ քննարկելու Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունը, ինչպես նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին նկատվող լարվածությունը: Այս մասին Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին:

 

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մայիսի 29-ին Եվրասիական միասնական տնտեսական տարածքի ձևավորման մասին պայմանագրի ստորագրման օրը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հիշատակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից ստացած նամակի մասին, որում ասվում է, իբր Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է միանալ միայն այն սահմաններով, որոնցով մտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն: