Հանրապետության որոշ բուժհաստատություններ' օգտվելով այն հանգամանքից, որ ծնողները երբեմն տեղյակ չեն լինում իրենց երեխաների համար անվճար դեղեր ձեռք բերելու հնարավորության մասին, մերժում են մի շարք դեղերի տրամադրումը: Այս մասին նշված է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարության մեջ, որում ասվում է.
«Հաճախակի են դեպքերը, երբ ծնողները տեղեկացված չեն իրենց երեխաների համար անվճար դեղեր ձեռք բերելու հնարավորության մասին: Բուժհաստատությունների կողմից դեղերի տրամադրումը երբեմն մերժվում է դրանց անբավարար քանակության պատճառաբանությամբ: Մինչդեռ, Առողջապահության նախարարի հրամանով հաստատված է դեղերի ցանկ, որտեղ ընդգրկված դեղերը բուժհաստատությունների կողմից պետք է տրամադրվեն անհրաժեշտ քանակով և անվճար:
Դեռևս 2006թ. կառավարությունն ընդունել է որոշում այն մասին, որ մինչև յոթ տարեկան երեխաներն իրավունք ունեն օգտվելու անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաները հիշյալ արտոնությունից կարող են օգտվել ավելի երկար' մինչև չափահաս դառնալը:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը' կարևորելով երեխաների առողջության պահպանման իրավունքը, հորդորում է բուժհաստատություններին բարեխիղճ կերպով ապահովել անվճար դեղեր ստանալու երեխաների իրավունքը, իսկ ծնողներին' հետևողական լինել և անհրաժեշտության դեպքում օգտվել այդ իրավունքից:
Բոլոր այն դեպքերում, երբ բուժհաստատություները կմերժեն համապատասխան դեղերի տրամադրումը կամ կտրամադրեն դրանք ոչ բավարար քանակությամբ, կարող եք ահազանգել Պաշտպանի 116 թեժ գծին»: