Վերջերս համացանցում տարածվեց տեղեկություն այն մասին, որ սերիալի դերասան Արտավազդ Հովհաննիսյանը յուրացրել է 8-ամյա փոքրիկի բուժման համար հավաքված գումարը:
Ինչպես հիշում եք, ամիսներ առաջ դերասան Կարեն Մկրտչյանին անհայտ անձը ծեծի էր ենթարկել: Վնասվածքն այնքան լուրջ էր, որ դերասանին անհրաժեշտ էր բուժման նպատակով ուղարկել Գերմանիա, անհրաժեշտ գումարը կազմել էր 80.000 եվրո:
Հայտարարվեց դրամահավաք, հավաքվեց Կարենի բուժման համար անհրաժեշտ գումարը:
Վանաձորում ևս կազմակերպվել էր բարեգործական համերգ, սակայն Կարենի բուժման համար անհրաժեշտ գումարն արդեն հավաքվել էր: Կարենը կազմակերպիչներին խնդրել էր հավաքված գումարը փոխանցեն գլխուղեղի չարորակ ուռուցք ունեցող 8-ամյա Էրիկին:
Կազմակերպիչները երեխայի հորը խնդրում են ներկայանալ համերգին: Համերգի վերջում դերասան Արտավազդ Հովհաննիսյանը զգուշացնում է Էրիկի հորը, որ իրեն բեմի վրա գումարով ծրար կտան, բայց նա պետք է դա վերադարձնի, իսկ անհրաժեշտ գումարը համերգից հետո բանկային հաշվին կփոխանցեն:
Երեխայի հայրը գումարը վերադարձնում է, անցնում է երկար ժամանակ, սակայն խոստացված փոխանցումն այդպես էլ չի կատարվում:
Լուրեր.com-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանից հետաքրքրվեց' արդյո՞ք մամուլում հրապարակված նյութի հիման վրա Ոստիկանությունում գործ հարուցվելու է, թե՞ ոչ:
«Ընդհանրապես նման հրապարակումները հիմք ընդունում ենք' որպես հաղորդում հանցագործության մասին, սակայն այս հարցը քաղաքացիաիրավական բնույթի է: Պետք է որևէ մեկը դիմի ոստիկանություն»,- ասաց Մալխասյանը:
Վերջինս հավելեց նաև, որ Ոստիկանությունը ծանոթ է հրապարակվող բոլոր նյութերին, բայց այս հրապարակման և հետագա ընթացքի մասին այս պահին ոչինչ ասել չեն կարող: