Քաղաքական հայացքների և հոդվածների համար Թուրքիայում մշտապես հալածանքների ենթարկված և այդ պատճառով Բելգիայից քաղաքական ապաստան խնդրած ու այնտեղ տեղափոխված հայազգի լրագրող Ջևաթ Սինեթին թուրքական պետությունը նոր տհաճ անակնկալ է մատուցել: Նրա կինը' Էզգի Սինեթը և նրանց 9 ամսական երեխան, ովքեր Բելգիայից հունիսին մեկնել էին Թուրքիա' տեսնելու ազգականներին, այժմ երկրից դուրս գալ չեն կարողանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայ լրագրողը հայտնել է, որ թուրքական իշխանությունները նրանցից պահանջում են թուրքական անձնագիր ներկայացնել, մինչդեռ տիկին Սինեթն ու նրա երեխան ունեն բելգիական անձնագիր և ինքնության քարտ:
«Ես թուրքական իշխանությունների նման վերաբերմունքի տակ քաղաքական ենթատեքստ եմ տեսնում, քանի որ Թուրքիայի Հանրապետությունը քաղաքական հայացքներիս և հոդվածներիս պատճառով 250 դատական գործ է հարուցել իմ դեմ: Թուրքական պետության կողմից ինձ վրա մշտապես ճնշում է եղել, և ես, այլևս չկարողանալով դիմանալ սրան, գալով Բելգիա, տեղի կառավարությունից քաղաքական ապաստան խնդրեցի: Չորս ամիս առաջ պահանջս ընդունվեց, և Բելգիայի կառավարությունը ինձ, կնոջս և զավակիս Բելգիայի անձնագիր և ինքնության քարտ տվեց: Սակայն ամեն տեղ գործող անձնագիրն ու ինքնության քարտը Թուրքիայում չգործող համարվեց և արգելք դարձավ, որպեսզի կինս ու զավակս գան ինձ մոտ»,- «Արմենպրես»-ին պատմեց Ջևաթ Սինեթը: Նա նշեց, որ այժմ իր կինն ու երեխան Թուրքիայում «պատանդի» կարգավիճակում են գտնվում: Վերջիններիս Թուրքիայից դուրս բերելու նպատակով հայ լրագրողը բանակցություններ է սկսել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության, ինչպես նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ պատգամավորներ Հասիփ Քափլանի, Սըրրը Սուրեյյա Օնդերի և Ալթան Թանի հետ: Վերջիններս լրագրողին հավաստիացրել են, որ ներկայիս իրադրությունը պարզապես ամոթալի է, և իրենք խնդիրը կներկայացնեն թուրքական մեջլիսում:
«Ես ցանկանում եմ, որպեսզի այս խնդիրն անհապաղ կարգավորվի, հակառակ դեպքում այն կարող է վերածվել լուրջ ճգնաժամի թուրքական և բելգիական կառավարությունների միջև, և միջազգային իրավունքի տեսանկյունից Թուրքիայի դեմ կարող է դատական գործընթաց սկսվել: Ես կպայքարեմ բոլոր միջոցներով իմ իրավունքը ձեռք բերելու համար»,- ասաց Ջևաթ Սինեթը: