Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանպետական (ԺՀ) և «Ազգայնական շարժում» (ԱՇ) կուսակցությունները մտադիր են օգոստոսին անցկացվելիք նախագահական ընտրություններում հանդես գալ միասնական թեկնածուով, ինչի համար խորհրդակցություններ են սկսել:
Առաջիկա օրերին հերթական անգամ տեղի ունենալիք հանդիպման ժամանակ ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ԱՇԿ առաջնորդ Դևլեթ Բահչելիին կներկայացնի միասնական թեկնածուի անունը: Թուրքական ընդդիմության միասնական հավանական թեկնածուն անկուսակցական Էքմելեդդին Իհսանօղլուն է, ով նախկինում հանդիսացել է «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության ղեկավարը:
ԺՀԿ առաջնորդը համոզված է, որ Թուրքիայի հաջորդ նախագահը պետք է անկուսակցական լինի, ինչը կփորձի համոզել է նաև թուրք ազգայնականների առաջնորդին: Բացի այդ, Քըլըչդարօղլուն կարծում է, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակի հասնելու համար ընդդիմությունը պետք է հանդես գա միասնական թեկնածուով:
Թուրքիայում հերթական նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2014 թվականի օգոստոսի 10-ին: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստվում է նախագահյի թեկնածու առաջադրել իր առաջնորդ, երկրի վարչապետ Էրդողանին: Ի տարբերություն նախկինում երկրի նախագահին խորհրդարանի կողմից 7 տարի ժամկետով ընտրվելու գործառույթին, Թուրքիայում այսուհետև նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն համաժողովրդական քվերակությամբ, 5 տարի պաշտոնավարման ժամկետով: