Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը մեծանում է, ինչը վտանգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի գնահատմամբ, սահմանին յուրաքանչյուրը զոհը մեծագույն ողբերգություն է ոչ միայն զոհվածի ընտանիքի, այլեւ հակամարտության կարգավորման հարցով զբաղվող պաշտոնյաների համար: «Վերջերս շփման գծում մի շարք ողբերգական պատահարներ տեղի ունեցան, ինչը փաստում է, որ սահմանին լարվածությունը շատ բարձր մակարդակի վրա է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Անջեյ Կասպրչիկը' հավելելով, որ հրադադարի պահպանման մասին պայմանավորվածությունն ուժի մեջ է մտել համաձայնագրի ստորագրմամբ, ինչին կողմերը հասել են ցուցաբերելով ուժեղ քաղաքական կամք:
«Հենց դա է պատճառը, որ պատասխանատվություն կրում են կողմերը եւ նրանք պետք է ապահովեն, որպեսզի զինված ուժերը չխախտեն հրադադարի ռեժիմը շփման գծում: Դրա իրականացման պատասխանատուները, համապատասխանաբար, կողմերի զինված ուժերի հրամանատարներն են եւ սահմանին յուրաքանչյուր խախտումը փաստում է, որ հրադադարի պահպանման եւ համաձայնագրի իրականացման բարելավման անհրաժեշտություն է նկատվում: Մենք, իհարկե, մտահոգված ենք, որ այդ խախտումները շարունակական բնույթ են կրում»,- ասաց Կասպրչիկը:
Անդրադառնալով շփման գծում ԵԱՀԿ դիտարկումներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն ասաց, որ շփման գծում դիտարկումները կարեւոր են, միաժամանակ ԵԱՀԿ-ում անհանգստացած են դիտարկում անցկացնող խմբի անվտանգությամբ: «Քանի որ լարվածությունը մեծանում է, անվտանգության ապահովումը փոքրանում եւ դիտարկում անցկացնող խմբի անդամներն առաջին գծում իրենց գործունեությունն իրականացնելու համար վտանգում են իրենց կյանքը»,-նշեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին, Կասպրչիկն ասաց, որ ինչպես Մինսկի խմբի համանախագահները, այնպես էլ ինքը բոլոր ջանքերը գործադրում են որպեսզի պահպանվի հրադադարի ռեժիմն ու ուղիներ գտնեն' հարթելու վերջին միջադեպերի հետեւանքները: «Համապատասխան առաջարկությունն արդեն ձեւակերպվել է եւ տրամադրվել կողմերի քննարկմանը: Վերջին հաշվով պատասխանատվությունը կրում են կողմերը, ովքեր ստորագրել են զինադադարի հաստատման համաձայնագիրը»,-կրկնեց Կասպրչիկը: Անդրադառնալով անընդհատ բարձրացվող մտահոգությանը, որ անհրաժեշտ է ստեղծել անկախ կառույց, որի շրջանակներում պետք է քննարկվեն եւ ուսումնասիրվեն սահմանային միջադեպերն ու տրվեն համապատասխան իրավական գնահատական, Կասպրչիկն ասաց. «Ներկա դրությամբ ես եւ իմ թիմը չունենք համապատասխան մանդատ եւ ռեսուրսներ' սահմանային միջադեպերի վերաբերյալ անկախություն հետաքննություն անցկացնելու համար»:
Նախիջեւանի սահմանին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու եւ պայմանագրային երկու զինծառայողների սպանելու միջադեպից անմիջապես հետո հունիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը հորդորել է դեսպանին իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձևավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ: Դեսպան Կասպրչիկը հայտնել է իր մտահոգությունը և խոստացել քայլեր ձեռնարկել շփման գծում ներկա իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:
Հասմիկ Հարությունյան