Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադային է ներկայացրել երկրի արտգործնախարարի պաշտոնում Պավել Կլիմկինի նշանակման հարցը՝ միաժամանակ հայտնելով Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատարի պաշտոնից Անդրեյ Դեշչիցայի ազատման որոշման նախագծի մասին: Այս մասին հայտնում է business-gazeta.ru-ն:
Ըստ Ուկրաինայի Սահմանադրության՝ երկրի նախագահը Գերագույն ռադային է ներկայացնում արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների թեկնածությունները:
Կլիմկինը 2012 թվականի հունիսից զբաղեցնում է Գերմանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, իր խոսքով, «Ուկրաինայի, այսպես կոչված, արտաքին գործերի նախարար» Անդրեյ Դեշչիցային կոչ էր արել ծնկի գալով ներողություն խնդրել և հրաժարական տալ։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ի իրադարձությունների ընթացքում, երբ մի քանի տասնյակ ցուցարարներ անկարգություններ էին հրահրել Կիևում՝ Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտակայքում, Դեշչիցան, փոխանակ զսպելու խռովությունները, անպարկեշտ բառապաշարով երգ է կատարել նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: