Թուրքիայի նախկին նախագահ 97-ամյա Քենան Էվրենը, ում գլխավորությամբ 1980 թվականին երկրում տեղի էր ունեցել ռազմական հեղաշրջում, դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

 

Քենան Էվրենից բացի ցմահ ազատզրկման կենթարկվի նաև օդային ուժերի այն ժամանակվա հրամանատար 89 -ամյա Թահսին Շահինքայան:

 

Անկարայի քրեական 10-րդ դատարանը «Սեպտեմբերի 12» անվանումը ստացած դատական գործում մեղավոր է ճանաչել ռազմական հեղաշրջման միակ ողջ մնացած իրագործողներին' «հանցագործություն պետական իշխանության դեմ» հիմնավորմամբ:

 

Թուրքիայում 1980 թվականի սեպտեմբերի 12-ին զինվորականները Զինված ուժերի գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Քենան Էվրենի գլխավորությամբ ռազմական հեղաշրջում էին իրականացրել, որն ամենաարյունալին էր Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումների շարքում: Հեղաշրջման արդյունքում ձերբակալվել և սպանվել էին հազարավոր մարդիկ: Հեղաշրջումից հետո զինվորականները 1982 թվականին ընդունել էին նոր սահմանադրություն, որը երաշխավորում էր զինվորականների անձեռնամխելիությունը: