Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ոչ իշխանական ուժերին մեղադրում է հերոսանալու և որպես ուժեղ ընդդիմություն ներկայանալու ցանկության մեջ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահն, անդրադառնալով այսօրվա նիստի մեկնարկին ոչ իշխանական ուժերի պահվածքին, որոնք չմասնակցեցին գրանցմանը, և քվորում չապահովվեց, ընդգծեց, որ դրանով ընդդիմությունը փորձում էր խափանել Ազգային ժողովի բնականոն աշխատանքը, սակայն դա նրանց չհաջողվեց: «Նրանք նման քայլերով փորձում են հերոսանալ մարդկանց առջև, այդ ուժերից յուրաքանչյուրը ցանկանում է ցույց տալ, թե ինքն է ուժեղ ընդդիմությունը: Այսինքն՝ նրանց պայքարը հիմա ոչ թե մեր դեմ է, այլ միմյանց դեմ, քանի որ յուրաքանչյուրը ցանկանում է ցույց տալ իր ուժեղ լինելը»,- նշեց նա:
Սահակյանը հիշեցրեց, որ քառյակը 12 կետից բաղկացած առաջարկներ է ներկայացրել, որոնց վերաբերյալ ՀՀԿ-ն ասել է՝ այդ առաջարկների մի մասն ընդունելի են և քննարկման արժանի, քանի որ ընդգրկված են կառավարության ծրագրում: «Սակայն երբ գալիս է պահը, երբ պետք է համագործակցենք, քննարկենք, ընդդիմությունը ձախողում է, ինչպես արեցին այսօր՝ փորձ անելով տապալել արտահերթ նիստի աշխատանքները»,- նշեց
ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանը ընդգծեց, որ ինքն ընդունում է քաղաքական խաղերը, սակայն չի ընդունում, երբ դրանք դեմ են պետության շահերին և խանգարում են առաջընթացին: Նա անդրադարձավ ընդդմիության որոշ ներկայացուցիչների դիտարկումներին, թե պետությունը կործանման եզրին է՝ ընդգծելով, որ լավ հայը երբեք չպետք է նման բան ասի, իսկ պետությունը երբեք չի կործանվի. իշխանությունները կգան ու կգնան, իսկ պետությունը միշտ կանգուն կմնա: