Իսրայելի Արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի բաժնի պետ, դեսպան Աննա Ազարին Երեւան է ժամանել մասնակցելու երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև կայացած դիվանագիտական և քաղաքական խորհրդատվություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աննա Ազարին ներկայացնում է խորհրդատվությունների օրակարգն ու գնահատական տալիս հայ-իսրայելական հարաբերություններին:


-Դուք Հայաստան եք այցելել ու Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ խորհրադատվություններ անցկացրել: Հայտնի է, որ քննարկվել է երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի դյուրացման հարցը: Ի՞նչ այլ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում:

 

-Մենք փորձեցինք մի շարք հարցեր քննարկել: Մենք մեր տեսանկյունից ներկայացրեցինք Մերձավոր Արեւելքում տիրող խնդիրները, հայ գործընկերները ներկայացրեցին տարածաշրջանային խնդիրները: Շուտով կստորագրենք համաձայնագիր առանց վիզային ռեժիմի պայմանագրի մասին: Առաջին հերթին այդ համաձայնագիրը կգործի դիվանագետների համար: Երկրորդ կարեւորագույն հարցը, որի շուրջ մենք բանակցում էինք, Մաքսային միությանն հարցն է: Հայաստանը շուտով կանդամակցի Մաքսային միությանը, իսկ Իսրայելը բանակցություններ է սկսել այդ միության հետ համագործակցության շուրջ: Եթե մենք էլ ստորագրենք, ապա դա մեր համագործակցությանը նոր զարկ կտա:


-Նախատեսվո՞ւմ է, որ վիզային ռեժիմի դյուրացումից հետո ավելի շատ ուղիղ թռիչքներ  կլինեն Երեւան - Թել Ավիվ ուղղությամբ:

 

-Բանն այն է, որ դա հիմնականում կոմերցիոն հարց է: Քաղաքական առումով որեւէ խնդիր այդ հարցում չկա: Այսօր կա շաբաթական մեկ թռիչք: Եթե զբոսաշրջիկների թիվը շատանա, կարծում եմ, կոմերցիոն նպատակներից ելնելով, թռիչքների թիվն էլ կավելանա:


-Ինչպիսի՞ տեղ է զբաղեցնում Հարավային Կովկասը Իսրայելի հետաքրքրությունների ցանկում: Որքանո՞վ է այս տարածաշրջանը Իսրայելի համար օրակարգային:

 

- Հարավային Կովկասը մեզ հետաքրքրում է առաջին հերթին այն առումով, որ Կովկասի շարունակությունը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, մի երկիր, որն ամենամեծ վտանգն է ներկայացնում Իսրայելի համար: Կովկասը մեզ համար շատ հետաքրքրական է, բացի այդ, տարածաշրջանում երկու պետություններ կան, որոնք քրիստոնյաներ են, եւ թե՛ վրացիները, թե՛ հայերը շատ լավ հարաբերություններ ունեն հրեա ժողովրդի հետ: Մնացյալ հետաքրքրությունն, իհարկե, նույնն է, ինչ այլ երկրներում` տնտեսություն եւ մշակույթ: Հատկապես հիմա, երբ Հայաստանը ցանկանում է անդամակցել Մաքսային միությ անը: Ես ձեզ կասեմ, որ այդպես ձեզ համար հեշտ կլինի: Իսրայելը այլ տեսակի պայմանավորվածություն ունի Եվրամիության հետ եւ Ասոցացման համաձայնագիր է կնքել տնտեսական այդ միավորի հետ: Մյուս կողմից, եթե նման միություն է ստեղծվում, մենք դեմ չենք համագործակցել նաեւ այս թեւի հետ:


-Վերջերս Իսրայելի խորհրդարանն ընտրեց նոր նախագահի` Ռեուվեն Ռիվլինին, ով բազմիցս կոչ է արել, որ Քնեսեթը պետք է ճանաչի Հայոց  ցեղասպանությունը: Մենք կարո՞ղ ենք հույս ունենալ, որ մինչեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը Իսրայելն էլ կմիանա Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների շարքին:

 

-Ես չեմ ցանկանում մեծ հույսեր տալ, որովհետեւ նախագահ Ռիվլինը բազմիցս խոսել է Հայոց ցեղասպանության մասին եւ, բնականաբար, կպաշտպանի ճանաչման օրինագիծը, բայց ամեն դեպքում մեզ մոտ քաղաքական կարեւորագույն հարցերը որոշում է ոչ թե նախագահը, այլ վարչապետը: Կարող եմ ասել, որ դուք լավ ընկեր  ունեք Իսրայելի քաղաքական վերնախավում: Հետաքրքրականն այն է, որ ես չեմ ճանաչում, որեւէ մեկին, ով չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Բայց պետության մակարդակով... Խնդիրն այն է, որ պետության գոյատեւման համար մենք լուծում ենք մի շարք ռազմավարական հարցեր եւ պաշտ ոնապես չենք ճանաչում եւ առաջիկայում չեմ էլ տեսնում հույս, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:


-Ինչպիսի՞ն են այսօր Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ:

 

-Դա շատ բարդ հարց է, իրականում շատ բարդ եւ խճճված: Դրանք կարծես թե լավանում են, սակայն ասել, որ դրանք այնպիսին են, ինչպես, ասենք, մեկ տասնամյակ առաջ` սխալ է: Սակայն, հարաբերությունների բարելավման ուղղությամբ որոշակի առաջխաղացում նկատվում է: Խնդիրն այն է, որ բացառապես բոլոր հարցերում ծայրահեղ տարբեր կարծիքներ ունենալով հանդերձ` այս պահին տարածաշրջանում իրավիճակն այնպիսին է, որ Իսրայելն ու Թուրքիան պետք է ստիպված լինեն գալ որոշակի լուծման: Ինչը նաեւ ձեզ եմ ցանկանում Թուրքիայի հետ հարաբերություններում:


-Տարածաշրջանում խնդիրներ ասելով` Դուք նկատի ունեք Սիրիական ճգնաժա՞մը:

 

-Ես նկատի ունեմ այն ամենը, ինչ այսօր կատարվում է Մերձավոր Արեւելքում: Դա եւ՛ Սիրիական ճգնաժամն է, եւ՛ փախստականների խնդիրը, եւ՛ այն ամենը, ինչ տեղի է ունենում շիաների եւ սունիների միջեւ: Ամեն ինչ տանում է նրան, որ Թուրքիան եւ Իսրայելը հաստատեն նորմալ հարաբերություններ:


-Իսկ ինչպիսի՞ն են հարաբերությունները Ադրբեջանի հետ: Իսրայելը Ադրբեջանին զենքի վաճառքի հիմնական գործընկերներից մեկն է:

 

-Յուրաքանչյուր երկիր կցանկանար հպարտանալ վարդի վաճառքով, որոնք ձեր մայրաքաղաքում այնքան շատ են եւ այնքան գեղեցիկ: Բայց, դժբախտաբար, երկիրը կարողանում է գոյատեւել այն ամենով, ինչը հնարավոր է վաճառել: Զենքի վաճառքը, բիզնես է եւ մենք փորձում ենք, որ այդ բիզնես-հարաբերությունները բանական տրամաբանության շրջանակներից դուրս չգան:   

 

Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարությունում ՀՀ և Իսրայելի Պետության ԱԳ նախարարությունների միջև կայացան դիվանագիտական և քաղաքական խորհրդատվություններ: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսրայելական կողմից` Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի բաժնի պետ, դեսպան Աննա Ազարին: Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեց հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը: Անդրադարձ է կատարվել փոխադարձ ներդրումների խրախուսմանը վերաբերող հարցերին: Կարևորվեց փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ընդգծվեց փոխայցելությունների կարևորությունը: Իսրայելի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է նաև Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղիկներ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

 

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ`

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ