Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը ֆրանսիական France 24 գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է իր նկարահանած վերջին ֆիլմերին և այն կապին, որ գոյություն ունի դրանց ու իր անցյալի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջև:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էգոյանը նշում է, որ շատ հաճախ իր ֆիլմերում առկա ժան րային խառնուրդը կարող է շփոթեցնել իր ունկնդրին: Ռեժիսորը, անդրադառնալով կինոգետի այն դիտարկմանը, որ իր նախորդ ֆիլմերում այդպես էլ չի բացահայտվում դեպքերի իրական ընթացքը, նշել է, որ ամենայն հավանականությամբ իր մոտեցումները կապված են սեփական անցյալի և Հայոց ցեղասպանության փաստի հետ:
«Այն գաղափարը, որ անցյալում սարսափելի դեպքեր են տեղի ունենում և դու փորձում ես դրանք հասկանալ, կարծում եմ' կապված է իմ ծագման հետ: Ես հայ եմ և այժմ' Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ճիշտ ժամանական է ոչ միայն հասկանալ, թե ինչ է պատահել, այլև այն, թե որքան չկարգավորված է խնդիրն այժմ»,- նշել է կանադահայ ռեժիսորը:
Էգոյանն ընդգծել է, որ այսօր Հայոց ցեղասպանությունը ժխտվում է կազմակերպիչ թուրքական պետության կողմից, իսկ հայերը գործ ունեն մի խնդրի հետ, որը վաղուց պետք է իր լուծումը գտած լիներ, սակայն չի գտել:
Հարցազրույցի վերջում Էգոյանը նշում է, որ հիանալի է ապրել մի երկրում' Ֆրանսիայում, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Նա ցանկություն է հայտնել, որ մյուս պետություններն է լ ապագայում հետևեն Ֆրանսիայի օրինակին: