«Զվարթնոցի» հայտնի սկանդալային միջադեպից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ որոշվել է խիստ նկատողություն հայտնել Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին, իսկ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Վարդան Գրիգորյանն ազատվել է աշխատանքից: Այս պաշտոնյան փարթիի կազմակերպման վերաբերյալ հարցին ԶԼՄ-ներին պատասխանել էր, որ միջոցառումն անցկացնելու դիմաց արգելոց-թանգարանի կենտրոնական 4 սանհանգույցներն են վերանորոգել:
Այս պատմության մութ կողմերից մեկն այն է, թե այդ մանր տրամաչափի պաշտոնյան աշխատանքից ազատվել է տաճարի տարածքում անբարո փարթին թույլատրելու՞, թե՞ զուգարանների մասին իր հայտնի հայտարարության պատճառով: Երկու դեպքում էլ կառավարությունը իրեն դնում է անհեթեթ վիճակի մեջ:
Առաջին դեպքում վարչապետը կորցրեց շանսը՝ աղմկոտ պատմությունը հօգուտ իր իմիջի հանգուցալուծելու համար և գնաց խնդրի անտրամաբանական, ծիծաղելի լուծման: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ անգամ միջազգային լրատվամիջոցներում «պոռնո-փարթի» պատկերավոր անվանումն ստացած միջադեպը տեղի է ունեցել ամենաբարձր պայմանավորվածության արդյունքում՝ նվազագույնը գործարար-նախարար ձևաչափում: Զոհաբերելով այս շղթայի ամենաթույլ օղակը՝ կառավարությունն իր բարձր հովանու տակ վերցրեց իրական մեղավորներին ու պատասխանատուներին՝ արդյունքում խեղճ ու կրակ չինովնիկներից մեկին զրկելով հացի փող վաստակելու հնարավորությունից: Մինչդեռ վարչապետը կարող էր աշխատանքից ազատել մշակույթի նախարարին՝ փրկելով իր դեմքը և արժանանալով նախարարի գործունեությունից խորշող մշակութային գործիչների դրվատանքին:
Իսկ եթե պաշտոնյան աշխատանքից ազատվել է զուգարանների մասին իր հայտնի հայտարարության պատճառով, ապա առավել անբարո քայլ այս պարագայում անհնար է պատկերացնել, երբ ջրաղացը կորցնելով՝ ընկնում են Չախչախի հետևից...
Վարուժան Բաբաջանյան