ՀՀ նախագահի հանձնարարականով՝ Առողջապահության նախարարությունը մշակել է «Դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումների» ծրագիր, որի արդյունքում ակնկալվում է 20-30 տոկոսով նվազեցնել դեղերի գները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի' դեղորայքային քաղաքականության հարցերով խորհրդական, դեղագործական գիտությունների թեկնածու Ղուկաս Ուլիխանյանը:
«ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է մշակել ազգային դեղային քաղաքականության հայեցակարգը, որն ընդունվել և հաստատվել է նոր կառավարության ծրագրում: 2014 թվականի մարտին հանրապետության նախագահն այցելել է նախարարություն և հանձնարարականներ է տվել դեղորայքային քաղաքականության բարեփոխումների վերաբերյալ. կատարել այնպիսի քայլեր, որոնք, պահպանելով որակյալ անվտանգ դեղերի շրջանառությունը, կհանգեցնեն դեղերի գների իջեցմանը: Դրանից հետո մեկամսյա ժամանակաշրջանում մշակվել են որոշակի քայլեր զուգահեռ ներմուծման ոլորտում»,- ասաց Ուլիխանյանը:
Զուգահեռ ներմուծումը հայկական դեղագործական ընկերություններին թույլ կտա դեղերը ներմուծել նաև երրորդ երկրներից' առանց արտադրող երկրի թույլտվության: Բանն այն է, որ մինչ այժմ անհրաժեշտ էր Հայաստան դեղորայք ներմուծել միայն արտադրող երկրից, ուր դեղի գինը կարող է ավելի թանկ լինել, քան հարևան երկրում: Արդյունքում, Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ անդրազգային դեղագործական կազմակերպություններն ազդում են Հայաստանի Հանրապետությունում դեղերի կարգավորման վրա' օգտագրծելով իրենց մենաշնորհային դիրքը: