Հայաստանի նոր կառավարությունը գործնական քայլերով ամեն ինչ անելու է՝ աջակցելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, քանի որ այն ունի առաջընթացի մեծ ապագա: Այդ մասին Երևանում մեկնարկած «Խելացի լուծումներ' խելացի բիզնեսի համար» խորագրով ԴիջիԹեք բիզնես- ֆորումի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Կառավարությունը գործնական աջակցություն է ցուցաբերելու մեր երկրի տնտեսության համար մեծ նշանակություն ունեցող այս ոլորտին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

Վարչապետի խոսքով՝ ներկայումս մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը բավականին մեծ զարգացում է ապրում: «Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից՝ նպաստելով երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը, գիտելիքահեն տնտեսության ձևավորմանը: ՏՏ ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր»,- ասաց կառավարության ղեկավարը:

 

Վարչապետը մեծապես կարևորեց ավանդական դարձած ԴիջիԹեք բիզնես-ֆորումի դերը Հայաստանի զարգացող բիզնես միջավայրի կայացման գործում: Նրա խոսքով, նման միջոցառումները մասնակից ընկերություններին հնարավորություն են ընձեռում ոչ միայն ծանոթանալու այն առավելություններին, որ կարող է իրենց տրամադրել ՏՀՏ գործիքների կիրառումը բիզնեսում, այլև նպաստել նորագույն տեխնոլոգիաների տարածմանը, փորձի փոխանակմանը, գործարար միջավայրում համագործակցության խթանմանը:

 

Այնուհետև վարչապետը շրջեց ֆորումին մասնակից 64 ընկերությունների տաղավարներով՝ ծանոթացավ նրանց արտադրանքին, ծառայություններին, առաջարկություններին ու նոր գաղափարներին:

 

Ֆորումին ներկայացված 64 ընկերություններից 13-ն օտարերկրյա են: Այս տարի առաջին անգամ ԴիջիԹեքին մասնակցում է նաև ռուսական «ԱՌինտեգ» ընկերությունը, որը ՌԴ-ում մեծ համբավ ունի և համագործակցում է խոշորագույն կազմակերպությունների հետ: Ֆորումի շրջանակում կկայանա նաև երկու միջազգային համաժողով: Հայ-հոլանդական եւ հայ-ռուսական համաժողովները նվիրված են լինելու համագործակցությանը, բացերի լրացմանն ու փորձի փոխանակմանը: